Այսօր կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կատաղության դեմ պայքարի միջազգային օրը (World Rabies Day) սահմանվել է Կատաղության դեմ պայքարի համաշխարհային դաշինքի կողմից ու նշվում է ամեն տարի սեպտեմբերի 28-ին:  Այս օրը կոչված է հասարակությանը հիշեցնել այս հիվանդության խնդիրների ու դրա հետևանքների մասին:  Վարակիչ հիվանդությունների շարքում այն գրավում է հատուկ տեղ մահացության դեպքերի թվով, քանի որ եթե առաջին ժամերին մարդուն օգնություն չտրամադրվի, ապա նրան փրկելն անհնար է: 
Դաշիքնի տվյալով՝ ամեն տարի կատաղությունից մահանում է 55 հազար մարդ կամ միջինը՝ 1 մարդ ամեն 10 րոպեն մեկ:
Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու արդյունքում և այլն): Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14 օրյա հսկողություն:
Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացրել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Կենդանուց տուժելուց մի քանի ժամ հետո վերքի մշակումը և կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը: Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով` թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով:
Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը:




Լրահոս