Երբ մարդու ուղեղն այնքան չի տրամաբանում, որ խնդիրը պարզ, մարդկային լեզվով լուծվի, օգնության են գալիս բռունցքներն ու սառը զենքերը:
Այդպես էլ այս տարվա փետրվարի 24-ին եղել է Վեդիում, երեւի չնչին մի առիթից, որի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչներ Սուսաննա Պողոսյանը եւ Տարոն ու Բագրատ Սաֆարյան եղբայրները:
Նշված օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ծավալված վեճն ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով, ինչին մոտ 50 մետր հեռավորությունից ականատես է եղել Սուսաննայի որդին` Ռոման Պողոսյանը: Ըստ քրեական գործի նյութերի` հենց վերջինիս նախաձեռնությամբ էլ մոտ մեկուկես ժամ անց այս միջադեպը նոր զարգացումներ է ստացել:
Վեճի, այսպես ասած, առաջին փուլի ավարտվելուց հետո Բագրատ եւ Տարոն Սաֆարյաններն ուղեւորվել են Արարատի մարզի Ոսկետափ գյուղ: Այնտեղ իջել են գյուղամիջի կենտրոնական ճանապարհին` խանութի դիմաց, որտեղ զրուցել են Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Արսեն Հարությունյանի հետ: Այդ պահին խանութի դիմաց կանգնել են 4 ավտոմեքենաներ, դրանց միջից իջել են Վեդի քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Ռոման եւ Արման Պողոսյանները, նրանց հորեղբոր որդիներ, Գոռավան գյուղի բնակիչներ Համլետ եւ Մհեր Պողոսյանները, Արման Ավագյանը, Կարեն Պետրոսյանը, Արսեն Խլղաթյանը եւ մոտեցել Բագրատ ու Տարոն Սաֆարյաններին: Ռոման Պողոսյանը արցունքաբեր գազ է փչել Սաֆարյանների աչքերին, իսկ մյուսները սկսել են հայհոյանքների զուգորդմամբ մոտ 5-10 րոպե ոտքերով եւ ձեռքերով ծեծի ենթարկել նրանց՝ պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այդ ընթացքում Տարոն Սաֆարյանը փորձել է փախչել դեպքի վայրից եւ նետվել դեպի մոտակայքում կանգնած Երեւան-Արարատ երթուղային ավտոբուս: Սակայն ծեծից խուսափել չի հաջողվել. Համլետ Պողոսյանը հետապնդել է նրան նաեւ ավտոբուսում եւ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ շարունակել հաշվեհարդարը: Սակայն Սաֆարյան եղբայրներին հետապնդողներն այդքանով չեն բավարարվել. նրանց ծեծելուց բացի, հարվածել եւ վնասել են նաեւ Բագրատ Սաֆարյանի “Վազ 21214” մակնիշի ավտոմեքենան:
Հարվածների հետեւանքով Տարոն Սաֆարյանը վայր է ընկել, շոշափելով գետնից վերցրել դանակ ու հասկանալով, որ իրենց ուժերն անհավասար են, եւ իր ու եղբոր առողջությանը կարող է վտանգ սպառնալ, իրենց իրավունքները վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելու նպատակով դանակով հարվածել է Ռոման Պողոսյանի որովայնի հատվածին: Վերջինս ստացել է կտրած-ծակած վերքի ձեւով թափանցող, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Նախաքննական մարմինը դանակահարելու գործողությունը որակել է որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, այսինքն` կատարել է դիտավորյալ այնպիսի գործողություն, որը իր համար ակնհայտ չի համապատասխանել ոտնձգության բնույթին եւ վտանգավորությանը:
Շարադրվածից պարզապես պետք է համապատասխան եզրակացություններ անել. մի կողմ դնելով իրավաբանորեն ճիշտ կամ սխալ խափանման միջոց ընտրելու հարցը՝ ուղղակի նկատենք, որ այս քրգործի “գլխավոր դերակատարներից” Ռոմանն ու Տարոնը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ ահա նրանք, ովքեր ընկերների, ազգականների` Ռոման եւ Արման Պողոսյանների ,թասիբըե պահելու համար ուղղակի “տղայական” պահվածք են դրսեւորել, հայտնվել են ավելի վատ վիճակում` կալանքի տակ: Իսկ զինծառայության մեջ գտնվող եւ անհասկանալիորեն զորամասից դուրս հայտնված Համլետ Պողոսյանի վիճակը կարող էր էլ ավելի բարդանալ ոչ ճիշտ ժամին ոչ ճիշտ տեղում հայտնվելու եւ հակաօրինական գործողություններ “կատարելու” պատճառով:
Իհարկե, դատարանը դեռ չի պարզել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու հարցը, բայց անհրաժեշտ է, որ այս իրավիճակը դաս լինի մյուսների համար. հրահրելու, բորբոքելու փոխարեն աշխատե՛ք կամ օգնե՛ք, որ ձեր մտերիմներն ու շրջապատի մարդիկ խնդիրները լուծեն խոսքի միջոցով: Հակառակ ուղին կարող է ճակատագրական սայթաքումն ու բանտի ճանապարհը լինել…
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ