«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունը հայ հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Ու թեեւ այսօր այդ դժգոհությունը դրսեւորվում է սակավաթիվ մարդկանց մասնակցությամբ հավաքներով, այդուամենայնիվ հանրության մտավորական հատվածում բազմաթիվ են կատարվածը դատապարտողները:
Դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սէֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունը որակեց որպես ոտնձգություն մարդու իրավունքների, ազատության նկատմամբ: «Մարդկանց, սովորաբար, ձերբակալում են հանցագործություն կատարելու համար, իսկ տվյալ դեպքում ձերբակալման համար կոնկրետ հիմնավորում չկա: Հիմա ես ո՞ւմ հավատամ` Ժիրայր Սէֆիլյանի՞ն, որ ասում է, թե ինքը ոչինչ չէր պատրաստվում անել, թե՞ իշխանությանն ու ոստիկաններին, որոնք բստրում են սուտ, հնարովի հանցագործությունների մասին. ես հակված եմ հավատալու Ժիրայր Սէֆիլյանին: Ամբողջ երկիրը թաղված է հանցագործությունների մեջ, թող գնան, հանցագործներին բռնեն: Սա, միանշանակ, քաղաքական պատվեր է, մենք երեխա չենք, ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, այնպես որ տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենար…»,-կարծիք հայտնեց դերասանը:
Գրող Հուսիկ Արայի համոզմամբ էլ ձերբակալվածները հակասահմանադրական ոչինչ չեն արել. «Եթե անեին, թող պատժեին, բայց հիմա նախապես ի՞նչն են կանխել, սա, ուղղակի, ժողովրդավարական երկրին պատիվ չբերող, հակաժողովրդական քայլ էր: Նույն հաջողությամբ կարող են մեկին բռնել, ասել` դու կարող ես վաղն անկարգություն անես, Կառավարության շենքը պայթեցնես, եւ ձերբակալեն: Այս ամենն այնքան ծիծաղելի է… Ուզում էին երթ անցկացնել, հավաք անել, թող անեին, ի՞նչ է պատահել: Բռնապետական քայլ են արել…Սէֆիլյանը փոփոխություններ է ուզում, ինչպես բոլորս: Այնինչ մարդը, ով Ղարաբաղի ազատագրմանն է մասնակցել, մտնում է Բերձոր, ծեծում են. դրանից ավել ի՞նչ խայտառակություն կարող է լինել…»,- մեզ հետ զրույցում նկատեց նա:
Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն էլ կատարվածը որակեց որպես բռնություն: Նրա համոզմամբ` եթե մեր երկրում ձերբակալում են թռուցիկ բաժանելու համար, դա արդեն չափանիշ է. «Նման բաներ Խորհրդային Միության տարիներին էին արվում, պարզվում է` հիմա էլ են արվում: Նույնիսկ գողին, մարդասպանին, որ նոր դուրս է գալիս բանտից, ու բոլորը գիտեն, որ պոտենցիալ հանցագործ է, չեն ձերբակալում` կանխարգելիչ նկատառումներից ելնելով: Բազմաթիվ մարդիկ հանցագործություններ են անում ու չեն բռնվում: Հասարակությունը գիտի, որ էսինչ մականունավոր մարդը հանցագործ է, բայց քանի դեռ չի բռնվել, նրան չեն կարող բերման ենթարկել»:
Է. Զորիկյանի համոզմամբ` Սէֆիլյանն ազատամարտիկ լինելուց զատ` նախեւառաջ սովորական քաղաքացի է, իսկ քաղաքացիական դիրքորոշման իրավունք ցանկացածն ունի, անգամ հանցագործը:
«Եթե դեմոկրատական ուղին ենք բռնել, այդպես պետք է լինի, իսկ եթե ոչ, թող մեզ բացահայտ ասեն այդ մասին: Մենք առաջ ենք գնում դեպի Սովետ, դեպի բռնություններ, միակուսակցական երկիր: Որքան մտածում եմ, կատարվածի եւ Պուտինի կամ այլ ռուս պաշտոնյայի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի միջեւ զուգահեռներ եմ տանում: Երբ որ գեներալն այցելում է զորամաս, չար զինվորներին մեկուսացնում են, զորամասը կարգի են բերում: Նույն կերպ ցանկացած անգամ, երբ Ռուսաստանից խոշոր կալիբրի գործիչ է գալիս, որ «ստուգումներ» անցկացնի, մեզ մոտ սկսում են այսպիսի բաներ անել: Չանկախացանք, էլի…»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան