Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում կհիմնվի նոր պուրակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը:

«Շուրջ 1 հեկտար այս տարածքում, որտեղ իրականացրեցինք ծառատունկը, համոզված եմ, որ մի քանի տարի անց կդառնա մայրաքաղաքի հերթական գեղեցիկ պուրակներից մեկը: Կարծում եմ էսքիզները նայելով դուք նույնպես որոշակի պատկերացում կազմեցիք, թե ինչպիսի հանգստի գոտի կդառնա այս վայրը: Ընդհանրապես, սա մեր որդեգրած քաղաքականության համատքստում է և մենք, ինչպես և խոստացել էինք, շարունակաբար ավելացնելու ենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Որպես ծրագրային առաջնահերթություն կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ, ինչպես նշել է քաղաքապետը, զգալի աշխատանքներ են տարվել: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Երևանում տնկվել է ավելի քան 127 հազար ծառ և թուփ: Եվս 30 հազար ծառ և 8000-ից ավելի թուփ էլ կտնկվի այս տարվա գարնանային ծառատունկի շրջանակում: Ի դեպ, մինչև ապրիլի 26-ը կտնկվի նաև շուրջ 20 հազար վարդի թուփ:

«Ծառատունկ իրականացնելուց բացի շատ կարևոր է նաև տնկիների խնամքը: Համոզված եմ նկատել եք, որ արդեն մի քանի տարի է, ինչ մենք ծառատունկն իրականացնում ենք բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում ուզում եմ նաև նշել, որ վերջին երկու տարիներին շուրջ 63 կմ ոռոգման նոր ցանց ենք կառուցել: Եվս շուրջ 20 կմ նոր ոռոգման ցանց կկառուցենք այս տարի», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ այս տարի ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներում ներառված կլինեն նաև մայրաքաղաքի բակային տարածքները:

Նոր հիմնվող պուրակում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:




Լրահոս