Հովիկ Աբրահամյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է “Ժառանգություն” կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 15 կետանոց նամակին, որում մասնավորապես ասվում է.
“Հարգելի պարոն Հովհաննիսյան,
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը: 
Միաժամանակ մենք անհրաժեշտ համարեցինք արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում:
Նախորդ նամակից անցել է շուրջ մեկ տարի: Նամակի բովանդակությունն ըստ էության չի փոխվել, սակայն փոխվել է իրականությունը: Այն ժամանակ մենք պնդում էինք, որ հստակ օրենսդրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական քայլերով գնալու ենք դեպի մեր նպատակը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կայուն պրակտիկան: Դրանից հետո մենք արդեն նոր ընտրական օրենսգրքի սահմանած խաղի կանոններով անցկացրեցինք խորհրդարանական ընտրությունները, որոնք ոգևորիչ գնահատականների արժանացան: Այնուհետև, այդ ընտրություններում արձանագրված խնդիրների շտկումից հետո Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կրկին լուրջ առաջընթաց ապահովեցին: Շատ լուրջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ մենք էականորեն մեծ քայլերով ենք գնում դեպի մեր նպատակը:
 
Այսինքն, իրականությունը հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ: Ավելին, մենք ունենք կամք և հստակ նպատակադրում գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու մեր բոլոր նվաճումները ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք:
Միևնույն ժամանակ մենք կրկնում ենք մեր հորդորը, որ արդեն հնչեցրել ենք. հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ և չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ: Եվ չարժե անուշադրության մատնել փաստը, որ միջազգային չափանիշներին հարիր ընտրությունների կազմակերպման համար միայն իշխանությունը չէ, որ անելիք ունի:
Ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը:  Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, և դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը”:
 




Լրահոս