ԼՂՀ ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի եւ Արցախի ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Քիմ Քարդաշյանի այցը Արցախ տեղին չէ, և լավ է, որ Քիմը չի ցանկացել մեկնել Արցախ:
-Պարո՛ն Բադասյան, ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և այս ընթացքում Արցախում արդեն սկսվել է կուսակցությունների քարոզարշավը: Տեսակետ կա, որ այն շատ հանգիստ է ընթանում, քանի որ այդպես էլ Արցախում ընդդիմություն չձեւավորվեց: Համակարծիք ե՞ք և արդյոք Դուք որևէ ուժի սատարո՞ւմ եք:
-Լինելով ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, բայց խորհրդարանում միակ ռեալ ընդդիմությունը, ընդդիմախոսը՝ ես տեսա, որ խաթարված է ընդդիմադիր դաշտը: 2012 թվականին, երբ Վիտալի Բալասանյանը նախագահի թեկնածու էր, այդ թիմը, փաստորեն, պառակտվեց, ինչ-որ տեղ ես իմ մեղքն ունեմ, որ չկարողացա համախմբել, ես պառակտողների մեջ չէի, ես համախմբողների մեջ էի, բայց ինձ չհաջողվեց համախմբել: Իսկ եթե թիմը երկու ուժով է ներկայանում ու ասում է, որ ինքն ընդդիմություն է, ուրեմն դա նշանակում է, որ ընդդիմությունը պառակտված է: Միայն ես չեմ դա ասում, դա ցույց է տալիս քարոզչության ընթացքը, մենք տեսնում ենք, որ այդ հանդիպումներին ներկա են լինում մի քանի հոգի, իսկ դա նշանակում է, որ արդեն ժողովուրդն էլ է հասկացել: Կարծում եմ, որ խորհրդարանում այս անգամ 1-2, թող 3 հոգի լինեն, բայց դա ներկայություն չէ: Այն տրամադրությունները, որոնք այսօր կան ժողովրդի մեջ, ցույց են տալիս, որ նրանք չեն գնալու խորհրդարան:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնք այսօր մասնակցում են քարոզարշավին, ժողովրդի հարգանքը չեն վայելո՞ւմ, ժողովուրդը նրանց չի հավատո՞ւմ:
-Ինչպես կարող են հավատալ, եթե ընդդիմադիրներն անգամ չեն կարողանում լեզու գտնել, երկու կես են դարձել, չեն կարողանում միասնական ճակատով գնալ, որպեսզի արտահայտեն ժողովրդի կարծիքը:
-Իսկ ինչի՞ հետեւանք է դա, գուցե ինչ-որ մտավախություն կա, քանի որ Հայաստանում, օրինակ, նման խնդիր կա: Այստեղ եթե քաղաքական ուժերը սկսում են կոշտ հայտարարություններով հանդես գալ, դրան հետեւում է իշխանությունների կոշտ գործելաոճը, ինչպես դա եղավ «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի դեպքում՝ նրան երկու ամսով կալանավորցին:
-Այո՛, Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանում ընդդիմություն է ու նա չի խափում ժողովրդին, այլ հարց է, որ Ժ. Սէֆիլյանը քիչ հետեւորդներ ունի… Ես որոշում եմ կայացրել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, այստեղ ես կլինեմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ: Հայաստանում այլ է՝ ընդդիմադիր կուսակցությունները ցանկացան իշխանության կերակրատաշտին մոտ գտնվել, որի համար քառյակը դարձավ եռյակ, իսկ եռյակն էլ միանգամից դարձավ զրո: «Ժառանգություն»-ը բացառություն է այդտեղ, իսկ Դաշնակցության ներկայացուցիչներն իրենց այսօրվա արտահայտություններով իրենց խայտառակում են: Օրինակ՝ Արմեն Ռուստամյանն անում է խայտառակ հայտարարություն, ինքը կարծես քվոտա տվեց, որպեսզի Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեն, դա արեց նրա համար, որ Սերժ Սարգսյանն արխային լինի սփյուռքից: Բայց Արցախում մի քիչ այլ է, այս կուսակցությունները, ճիշտ է, կերակրատաշտի հարց ունեն, բայց այստեղ ամենաշատը ամբիցիաների հարց է, կարծես թե ամեն մեկն ուզում է, որ ինքը լինի, որովհետեւ ինչպես կարելի է լինել ընդդիմադիր ու չլինել միասին. ընդդիմադիրները այսքան տարիներ միշտ միասին են եղել:
-Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ էին Ժիրայր Սէֆիլյանի գործողություններից, ի՞նչ պետք է աներ Սէֆիլյանը, երբ, ըստ Ձեզ, նա շատ հետեւորդներ չունի:
-Սա իշխանությունների ամոթի հարցն է, որովհետեւ վերջին հաշվով ով բարոյական իրավունք ունի պատերազմի հերոսին ձեռնաշղթաներ հագցնել ու իրենց իսկ զավակների աչքի առջեւ տանել բանտախուց: Ես ներկա եմ եղել այդ տեսարանին ու շատ մեծ ցավ եմ ապրում: Եթե մենք մեր հերոսների հետ այդպես ենք վարվում… ազգը պետք է արթնանա ու կոչ անի Սերժ Սարգսյանին աչալրջության: Սէֆիլյանը պետք է անմիջապես ազատ արձակվի անկախ նրանից, թե ինչ է ուզում անել: Մանավանդ որ բացակայում է ձերբակալության իրավական հիմքը:
-Այս օրերին կարծես թե հանրությանը հետաքրքրող առաջնային թեման հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի այցելությունն է Հայաստան: Չնայած վերջինս հայտարարել է, որ Արցախ չի գնալու, այնուամենայնիվ, որպես արցախցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում Դուք այդ ամենին:
-Սա ՀՀ իշխանությունների մյուս ամոթն է, որովհետեւ երբ դիմակավորները ձեռնաշղթաներով տեղափոխում էին Ժիրայր Սէֆիլյանին, այդ նույն ժամանակ Քիմ Քարդաշյանին պետական այրերը պրոտոկոլային ընդունելություն էին ցույց տալիս ու մեծ աղմուկ հանում, չգիտեմ՝ ինչի համար: Այսինքն՝ ի՞նչ են արել, իշխանություններն իրենց տեսողական կրքե՞րն են բավարարել: Ես այսպիսի պայմաններում, այս ֆոնին չեմ ուզում, որ Քիմ Քարդաշյանը գա Արցախ, ու երեւի լավ է անում, որ չի ուզում Արցախ գալ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ