Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցը չի հետաքրքրում որոշ նախարարների: Թեեւ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՄԻՊ-ը հրապարակել է 2014 թվականի տարեկան զեկույցը, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որոշ նախարարներ նշեցին, թե ծանոթ չեն զեկույցին:
Հիշեցնենք, որ ՄԻՊ 2014 տարեկան զեկույցը հրապարակվել էր ապրիլի 3-ին եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ նախարարներից հետաքրքրվել, թե ինչ տեսակետ ունեն իրենք զեկույցի մասին: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հետ:
-Պարո՛ն Շահինյանը, ՄԻՊ զեկույցին ծանո՞թ եք: Ձեր ղեկավարած կառույցում բավականին ուշագրավ խախտումներ է հայտնաբերել օմբուդսմենը: Մասնավորապես, ՀՔԾ-ի կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների եւ այլ դաժան, իրավախախտումների մի շարք դեպքերով: Ծառայության կողմից չի ապահովվել հանրային հնչեղություն եւ կարեւորություն ունեցող Մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով հրապարակայնությունը, միաժամանակ կասկածահարույց է այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը:
-Չեմ ծանոթացել:
-Ինչո՞ւ, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե Ձեր ղեկավարած կառույցում ինչ խնդիրներ կան:
-Անշուշտ կծանոթանամ:
Շտապ նստելով մեքենան՝ հեռացավ (Ք.Մ) :
Քնար Մանուկյան