Ի՞նչ է, ուզում եք` Ծառուկյանին ամեն ինչից զրկե՞ն. Համլետ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի «պատմական» ելույթը` նվիրված Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին, դեռեւս թարմ է հանրության հիշողության մեջ: «Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով՝ ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին:

Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, եւ այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», – հայտարարել էր Ս. Սարգսյանը:

ՀՀԿ առաջնորդի այդ ելույթից հետո սկսվեցին կոնկրետ գործողություններ՝ Գ. Ծառուկյանին զրկեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամությունից, հանձնարարվեց ուսումնասիրել նաեւ Աժ մանդատից զրկելու հարցն ու, ի վերջո, սկսեցին ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում: Արդյունքում՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հայտարարել, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

Սակայն երկու ամիս էլ չանցած` Սերժ Սարգսյանը, փաստորեն, մոռացավ իր հնչեցրած գնահատականներն ու «օդում կախված» մեղադրանքները եւ «վերակենդանացրեց» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյան դերակատարին` Կոտայքի մարզպետ նշանակելով վերջինիս փեսային՝ Կարապետ Գուլոյանին, Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էլ ամբողջությամբ թողնելով Գ. Ծառուկյանի հայեցողությանը:
Այսքանից հետո այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Սերժ Սարգսյանը նախ որոշեց փնովել Գ. Ծառուկյանին` հիշեցնելով անգամ նրա մականունը. «Տարիներ շարունակ ե՛ս եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը…», իսկ որոշ ժամանակ հետո նրան նախկին դիրքին վերադարձնելուն ուղղված քայլեր անել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին վերադառնում է քաղաքական դաշտ ու իր դերակատարությունն է ունենալու գրեթե բոլոր հարցերում:

-Պարո՛ն Հարությունյան, ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Սակայն հիմա, փաստորեն, նրան կրկին քաղաքականություն վերադարձնելուն ուղղված քայլեր են արվում, ինչո՞ւ:

-Ի՞նչ է, ուզում եք Ծառուկյանին ամեն ինչից զրկե՞ն:

-Բայց Սերժ Սարգսյանն էր որոշել Գագիկ Ծառուկյանին ամեն ինչից զրկել:

-Ինչի՞ց են զրկել, ինչի է Ձեզ բոլորիդ էդ հարցը հետաքրքրում, իրա փեսան մեղավո՞ր է, որ գնացել, իր աղջկան ուզել է, փեսան ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, հա, հարազատական կապ կա, բայց այդ մարդը քաղաքապետ է աշխատել, ըստ երեւույթին, արժանի է, որ իրեն նշանակեն մարզպետի պաշտոնում:

Վաղը, մյուս օրն էլ կարողա իրեն նախարար նշանակեն կամ մեկ ուրիշ տեղ, չեմ կարծում, որ այդ ամենի համար կարելի է Ծառուկյանին մեղադրել: Դա անցած էտապ է, հո մինչեւ 2020 թիվը Ծառուկյանից կամ այդ հայտարարությունից չենք խոսելու, ի վերջո, դա էլ է էլի ձանձրացնող թեմա: Ես իմ կարծիքը դրա մասին ասել եմ: Նա մեր երկրի քաղաքացի է եւ լիիրավ իրավունք ունի ցանկացած գործունեություն ծավալել: Ոչ մեկը օրենքով Ծառուկյանին չի զրկել քաղաքականությամբ զբաղվելուց, այդպիսի բան իրականում գոյություն չունի մեր երկրում:

-Սերժ Սարգսյանն էր նրան «արգելել» քաղաքական գործունեություն ծավալել, քանի որ, ըստ նրա, Գ. Ծառուկյանը վնաս է հասցնում երկրին՝ բոլոր ոլորտներում: Այդպես չէ՞:

-Դա ուրիշ բան է, բայց զրկելն ուրիշ բան է, Դուք գրագետ մարդ եք, խորհուրդ տալն ուրիշ է, քաղաքական գործունեությունից զրկելն` ուրիշ: Չեն զրկել, խորհուրդ են տվել, այո, ինքն էլ անսաց այդ խորհրդին ու դուրս եկավ ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ու հիմա էլի չի մասնակցում ակտիվ քաղաքականությանը, Դուք եք ենթադրում, որ ինքը ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում: Ճիշտ կլինի՝ իրեն հարցնեք, որովհետեւ ես չգիտեմ՝ ինքը մտադիր է քաղաքականությամբ զբաղվել, թե ոչ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս