«Ժողովուրդ»-ի աղբյուրները հաղորդում են, որ Աշտարակի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Թամազյանը երեկ՝ կեսօրին, առանց իրավական հիմնավորման, աշխատանքից ազատել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների 30 աշխատակցի եւ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, մեկնել Մոսկվա: Ազատման պատճառն այն է, որ նրա որդին՝ Գեւորգ Թամազյանը՝ որպես ավագանու թեկնածու, խայտառակ պարտություն է կրել սեպտեմբերի 23-ին Աշտարակում կայացած ՏԻՄ ընտրություններում: Քաղաքապետն աշխատանքից ազատել է հատկապես նրանց, ովքեր խոստացել են որդու հաղթանակի համար աշխատել, սակայն արդյունքում Գեւորգը հավաքել է ընդամենը 150 ձայն (անհրաժեշտ 300-ի փոխարեն):
Դիմեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին՝ տեղեկանալու, թե ինչու է քաղաքապետն իր պաշտոնավարման վերջին օրերին նման կտրուկ որոշում կայացրել: «Ես էլ նոր տեղեկացա ու չգիտեմ՝ ինչն է պատճառը: Բայց վստահեցնում եմ, որ Թամազյանի լիազորությունների դադարեցումից հետո մենք աշխատողների հարցը վերանայելու ենք, վերադարձնենք նրանց»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց մարզպետը:
Հիշեցնենք, որ Գագիկ Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր որդին է:
ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿԱՆՆ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ