ԻՆՔՆ ԷԼ Է ՀԱՆՁՆԱՐԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԲՈՒՀ-ի դասախոսական կազմի երիտասարդացման հարցը: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նկատել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձեւերից մեկը ֆինանսականն է: Պարո՛ն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը»: Ահա այսպես, բարի քեռի Տիգրանը, հատկապես Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կառավարության հայտնի խորհրդակցությունից հետո,  որեւէ առիթ բաց չի թողնում` շեշտելու համար, թե ինքը որքան լավն է, իսկ իր աշխատանքից դժգոհությունները` որքան հանիրավի:  Բնականաբար, մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը (ԱԺ նախկին պատգամավոր Միրզիկը) շտապել է հայտարարել, որ մինչ տարեվերջ համալսարանի 900 հոգանոց պրոֆեսորա-դասախոսական կազմի   աշխատավարձը կբարձրացվի եւս 40 տոկոսով:
Սակայն ինչպես Սերժ Սարգսյանի  բեմականացված վրդովմունքն ավելի շատ աշխատեց իր դեմ, այնպես էլ Տիգրան Սարգսյանի այս հանկարծահաս մտահոգությունն առ ԲՈՒՀ-ի դասախոսական կազմ` ավելի շատ հարցադրումների տեղիք է տալիս, որոնց պատասխաններն ամենեւին էլ Տիգրան Սարգսյանի օգտին չեն: Նախ` ի՞նչ ասել է. «Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաեւ դրանց համադրելի վարձատրություն»: Իսկ հանրապետության մնացած ԲՈՒՀ-ե՞րը: Եթե նրանց խորհրդի նախագահը երկրի նախագահը կամ վարչապետը չէ, ուրեմն  նրանց դասախոսական կազմի աշխատավարձերի հարցը պետք է դո՞ւրս մնա երկրի  վարչապետի  մտահոգության շրջանակից:  
Բացի այդ, ի՞նչ  ասել է` Ձեզ հանձնարարեցի, բարձրացրեցիք, հիմա էլ եմ հանձնարարում` էլի՛ բարձրացրեք: Տիգրան Սարգսյանն իրեն դրել է ԲՈՒՀ-ական խանի տեղ: Լավ է, որ  գոնե Սերժ Սարգսյանի օրինակին հետեւելով` չի ասել` Միրզի՛կ, քեզ ասում եմ`  քի՛չ գերշահույթներ աշխատիր, եւ ուսանողների վարձավճարներից գոյացած փողերի մի մասն էլ տո՛ւր դասախոսներիդ: Տիգրան Սարգսյանը, իհարկե, այդ ամենն արեց  առավել քաղաքակիրթ կերպով` ռեկտորին դմելով դուք-ով ու ազգանունով, սակայն  դրանից խնդրի էությունը շատ չփոխվեց: Փաստորեն, բացառապես Տիգրան Սարգսյանի հանձնարարությունից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում ԲՈՒՀ-ի դասախոսների աշխատավարձը 80 տոկոսով բարձրացնելով՝ Մանկավարժականի ղեկավարությունն ապացուցում է, որ  մինչ այդ  իրենք գերշահույթներ են ստացել` դրա դիմաց դասախոսներին կոպեկներ վճարելով:




Լրահոս