
Այսօր, ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ է մատուցում ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Հռոմի Պապի հետ համապատարագում են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը, կարդինալական դասի անդամներ, հայ կաթոլիկ եկեղեցու հայրեր։
Հռոմի պապն առաջին անգամ է պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ միայն աղոթք է հղվել ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար:
Պատարագին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։
Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սբ Գրիգոր Նարեկացուն պաշտոնապես «Եկեղեցու տիեզերական ուսուցիչ» հռչակեց։ 95 աղոթք ներառող «Մատյան ողբերգության» պոեմի հեղինակ, 10-րդ դարի հայ վանականը դարձավ կաթոլիկ «եկեղեցու դոկտորի» տիտղոսը կրող 36-րդ աստվածաբանը: