ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու մարզպետերի միջեւ երեկ խորհրդարանում պարբերաբար բանավեճեր էին բռնկվում. ընդդիմադիր պատգամավորը մի քանի դիտողություն արեց բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնող մարզպետերին:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, իր ելույթը սկսեց՝ կառավարությանը շնորհակալություն հայտնելով իրենց մարզին պահուստային ֆոնդից համապատասխան գումարներ տրամադրելու համար: Սա դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին, որն էլ մարզպետին սկսեց բացատրել, թե ինչ միջոցներով են գոյանում բյուջեի գումարները: Ըստ Փաշինյանի՝ հարկավոր է շնորհակալություն հայտնել ոչ թե կառավարությանը, այլ հարկատուներին, որոնց վճարած գումարներից գոյացել է բյուջեն:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալն էլ խորհրդարանում որոշել էր «գողական գնալ» ու սկզբում չցանկացավ ներկայացնել մարզի 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը՝ պատճառաբանելով, թե ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այդ տվյալներն արդեն ասել է: Բացի այդ, նա պատգամավորներին խորհուրդ տվեց մտնել region.am կայքը եւ այնտեղ կարդալ հետաքրքրող տեղեկատվությունը: «Ինտերնետային հնարավորություններ կան, հարաբերվեք էլեկտրոնային եղանակով»,-ասաց մարզպետը:
Այստեղ Փաշինյանը բարոյախրատական-դաստիարակչական զրույց սկսեց մարզպետի հետ: «Փաստորեն, պետք է շնորհակալություն հայտնենք Ձեզ, որ բարեհաճել եք գալ եւ skype-ով չեք հաշվետվություն ներկայացնում: Ստիպված եմ բացատրել, թե պետական բյուջեն ինչ է: Ուզում եմ իմանաք, որ բյուջեն ժողովրդի փողն է, որը նա հատկացրել է եւ ուզում է իմանալ՝ ինչ է դրա դիմաց ստացել: Թե չէ տպավորությունն այն է, որ եկել եք ասելու՝ բոլոր փողերը ծախսվել են, հանկարծ չլինի, որ մի 3 միլիոն չեք հասցրել ծախսել… Նենց էլ սրտնեղում եք, թե կայքը նայեք: Մեզ կայք ցույց մի՛ տվեք: Եկել եք ԱԺ, հարգալից վերաբերմունք ունեցե՛ք եւ պատասխանե՛ք այն հարցերին, որոնք Ձեզ տրվում են»,-հեգնեց Փաշինյանը:
Կովալը, բնականաբար, ծպտուն չհանեց, փոխարենը իրավիճակը փորձեց մեղմել Ջանջուղազյանը՝ ասելով. «Դա ոչ թե ժողովրդի փողն է, որը ծախսում ենք, այլ ժողովրդի փողն է, որոնց համար էլ ծախսվում է»: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին էլ Փաշինյանը մի քանի հարց ուղղեց՝ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, դպրոցներում աշակերտների թվի, մշակույթի տների հաճախելիության եւ այլնի մասին: «Պարո՛ն Փաշինյան, հարցերի շարան եք ներկայացնում, ես չհիշեցի էլ: Հրավիրում եմ Ձեզ մարզ: Կարելի է այցելել մարզ, տեսնել՝ ծառայությունն իրականացվում է, թե չի իրականացվում: 2010-2011-ին դպրոց հաճախող երեխաների թիվը ավելացել է»,-ասաց նա:
Ի դեպ, երեկ ԱԺ չէին եկել Սյունիքի եւ Շիրակի մարզպետերը՝ Սուրիկ Խաչատրյանն ու Աշոտ Գիզիրյանը: Նրանց փոխարեն հաշվետվությունը ներկայացրին փոխմարզպետերը:
ՆՐԱՆՔ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՓՈՂԵՀՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. Գ.