Գնաճը շարունակում է գրոհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ընդհանուր գնաճը կազմել է 5,1 տոկոս: Այսինքն՝ եթե մի ապրանք անցած տարի վաճառվել է, ասենք, 100 դրամով, ապա այսօր արդեն այն վաճառվում է առնվազն 105 դրամով:
Սակայն վերը բերված թիվը դա ընդհանուր միջինացված գնաճն է: Իսկ, ասենք, առանձին շուկաների կտրվածքով վերցրած՝ պատկերն ավելի մտահոգիչ է:

Մասնավորապես, պարենային ապրանքների շուկայում անցած տարվա համեմատ պաշտոնական գնաճը կազմել է 6,7 տոկոս: Բուժսպասարկումը եւ դեղորայքը, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի թանկացել են 5,4 տոկոսով: Սա, իհարկե, միջինացված ցուցանիշ է, իսկ իրականում դեղորայքը եւ հատկապես հիմնական սպառման դեղերը, մասնավորապես, սիրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղերը անցած տարվա համեմատ թանկացել են առնվազն տասը տոկոսով, եւ դա ոչ թե պաշտոնական վիճակագրություն է, այլ մեր կյանքում առկա իրողություն: Ի դեպ, դեղատների աշխատակիցները փաստում եմ, որ անցած տարվա դեկտեմբերից պարբերաբար թանկացել են ոչ միայն ներկրվող դեղերը, այլ նաեւ այն դեղորայքը, որը արտադրվում է Հայաստանում:

Պարենային ապրանքներից հացամթերքը, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ թանկացել է 9,3 տոկոսով, մսամթերքը՝ 7 տոկոսով, կաթնամթերքը՝ 11,9 տոկոսով, ձուն՝ 4,5 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղերը՝ 3,9 տոկոսով, մրգերը՝ 17,8 տոկոսով, շաքարավազը՝ 9 տոկոսով, հրուշակեղենը՝ 12,3 տոկոսով, սուրճը եւ թեյը՝ 13,3 տոկոսով: Ինչպես տեսնում ենք՝ հիմնական սպառման սննդամթերքի թանկացումը մինջին 5,1 տոկոսանոց գնաճի համեմատ եղել է կրկնակի անգամ ավել: Գնաճի միջինացված թիվը ցածր է ստացվել, որովհետեւ առանձին ապրանքների շուկայում նույնիսկ էժանացում է արձանագրվել:

Մթերքներից, անցած տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակում էժանացել է ձկնամթերքը՝ 3 տոկոսով, ինչպես նաեւ՝ կարտոֆիլն ու բանջարեղենը՝ 7,5 տոկոսով: Հատկապես ձկնամթերքի էժանացումը, ինչպես հայտնի է, պայմանավորված է այն փաստով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանից շատ չնչին քանակությամբ ձուկ է արտահանվում: Նախկինում Հայաստանում արտադրված ձկնամթերքի մի զգալի մասն արտահանվում էր: Նույնը կարելի է ասել նաեւ կարտոֆիլի եւ բանջարեղենի դեպքում:

Կենցաղում առավել մեծ սպառում ունեցող մեկ այլ ապրանքախմբի՝ լվացող միջոցների գները թանկացել են 6,9 տոկոսով: Շինանյութի թանկացումը, ըստ պաշտոնական տվյալների, այս տարի կազմել է 7,6 տոկոս:

Ինչպես հայտնի է՝ պաշտոնական վիճակագրությունն առանց զավեշտների չի կարող գոյություն ունենալ: Մասնավորապես այդպիսի մի զավեշտ կարելի է համարել պաշտոնական վիճակագիրների այն տվյալը, ըստ որի՝ միջքաղաքային տրանսպորտը Հայաստանում 1,2 տոկոսով էժանացել է: Դժվար է ասել, թե այս տվյալը արձանագրողները որ երկրի միջքաղաքային տրանսպորտից են օգտվել, բայց փաստ է, որ անցած տարվա ընթացքում միջքաղաքային տրանսպորտի ուղեւորավարձի էժանացման դեպք չի եղել: Ինչպես միջքաղաքային, այնպես էր ներքաղաքային տրանսպորտի գինն անցած մեկ տարվա ընթացքում մնացել է նույնը:

Այն, որ վերջին ամիսներին Հայաստանում անընդհատ գնաճ է, եւ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարող դա հերքել, արդեն արձանագրված փաստ է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս ընթացքի ավարտը չի երեւում: Ավելի ճիշտ, գնաճի վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե զուգահեռաբար բարձրանային նաեւ Հայաստանի բնակչության եկամուտները: Բայց փաստն այն է, որ անցած տարվա վերջից մենք հակառակ պատկերին ենք ականատես լինում, այսինքն՝ մի կողմից մարդկանց եկամուտներն են նվազում, մյուս կողմից էլ ապրանքներն են թանկանում: Արդյունքում՝ Հայաստանի բնակչությունը կրկնակի է տուժում, եւ ոչ ոք չի կարող ասել, թե երբ է այս գործընթացը կանգնելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս