Դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, հայաստանյան գրեթե բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները սկսեցին քաղաքացիներին վարկեր չտրամադրել: Այժմ էլ հայաստանյան առեւտրային որոշ բանկեր խուսափում են ազգային արժույթով՝ դրամով, վարկեր տրամադրելուց: Իսկ եթե տրամադրում են, ապա միայն դոլարով:

«Ժողովուրդ»-ը ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ քաղաքացիները նույնիսկ չէին կարողանում ապառիկ գործարքներ կատարել: Ստեղծված նման ճգնաժամային պայմաններում հայաստանյան առեւտրային բանկերի քաղաքականությունը դարձավ զգուշավոր, որն էլ իր հերթին հանգեցրեց վարկավորման տոկոսադրույքների բարձրացմանը եւ վարկավորման պայմանների խստացմանը: Հայտնի է, որ ներկա ճգնաժամային պայմաններում աշխարհի բոլոր երկրներում բանկերը նման վարքագիծ են որդեգրում: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առեւտրային բանկերը հիմա սկսել են վարկեր տրամադրել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից փոխանցեցին, որ 2014 թվականի տարեվերջին արժութային շուկայի զարգացումների ներքո առեւտրային բանկերը վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական:

«Այս զարգացումները որոշակիորեն դանդաղեցրին դրամային վարկավորման գործընթացը: Հետագայում ԿԲ գործողություններն ուղղված էին դրամավարկային պայմանների թուլացմանը. փուլ առ փուլ նվազեցվեցին լոմբարդային ռեպո տոկոսադրույքը եւ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ինչպես նաեւ ավելացվեցին առեւտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները»,- նշված է ԿԲ-ի՝ «Ժողովուրդ»-ին ուղղված պատասխանի մեջ: Բացի այս՝ ԿԲ-ից տեղեկացրին, որ այս գործողությունները շարունակական բնույթ կկրեն, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում, եւ դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:

Իսկ թե երբ պատրաստ կլինեն հայաստանյան բանկերը՝ վարկավորման գործընթացն աշխուժացնելու, դեռ հայտնի չէ: Միայն տեղեկացնենք, որ այս օրերին ոչ միայն վարկային կազմակերպությունները, այլեւ բանկերը դրամով վարկատեսակների համար հայտ վերցնում են պարզապես մի փոքր ավելի խիստ ընթացակարգով, քան դոլարով կամ եվրոյով: Իսկ դոլարով եւ եվրոյով վարկատեսակ ձեւակերպելու համար գործում են գրավիչ պայմաններ, մասնավորապես, այն ձեւակերպելու համար երաշխավորների կարիք չի լինում, եւ այդ գործընթացն արագ է իրականացվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս