ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻՆ» ԴԱՏՈՒՄ ԵՆ
Հայտնի չէ, թե ինչից է անմեղսունակ դարձել 35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եւ կոնկրետ ինչից է զայրացել ՀՀ-ի «վրա», բայց վերցրել ու Կենտրոնի դատարանի հարեւանությամբ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ այրել է ՀՀ պետական դրոշը: Իրավական լեզվով ասած՝ նա անարգել է ՀՀ պետական դրոշը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ անմեղսունակ ճանաչված Ալբերտին դատում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

ԿԶՐԿԵ՞Ն
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղյակ չէ` Աղվան Հովսեփյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ ԱԺ միջնորդություն ներկայացրել է, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ չի տիրապետում նման տեղեկատվության եւ չի կարող ասել, թե երբ կտիրապետի: Ըստ կայքի աղբյուրների՝ երեկվա դրությամբ Հովսեփյանը որեւէ միջնորդություն չէր  ներկայացրել:

ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից, հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (ծնվ. 1993թ., 2011-ի գարնանային զորակոչ, Նոր Նորքի զինկոմիսարիատ):

Ի ՀԻՇԱՏԱԿ
Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հ/կ-ն 12:30-ին Եռաբլուրի ներքեւի հատվածից երթ է կազմակերպելու Եռաբլուր՝ ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:

ԶԶՎՈՒՄ ԵՆ
Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, թե ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հրապարակված նախկին հայտարարությունները, ուղերձները բացակայում ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Սարգսյանը պատասխանել է, թե ՀՀ նախագահի պաշտոնական կայքը չի կարող տեղեկատվական բազայի դեր կատարել, դրա համար կան այլ համապատասխան կայքեր։

ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Երեկ «Ֆեյսբուք»-ում շրջանառվում էր ՀՀ-ում որսորդական տուրիզմ առաջարկող ինչ-որ «Այբես» գործակալության գովազդային թերթիկը, որում հաճախորդներին առաջարկվում է   ողջ տարին Մեղրիում եւ Ուրսաքարում որսալ այնպիսի հազվագյուտ  կենդանիներ, ինչպես բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը եւ կովկասյան արջը: Ընդ որում, հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը տրամադրում է համապատասխան լիցենզիաներ եւ աշխատում ծառայությունների all inclusive համակարգով: Հուսանք` ՀՀ Կարմիր գրքում ներառված կենդանիների որսով զբաղվող այս կազմակերպությունն ու դրա հայաստանյան տերերը շատ օպերատիվ կերպով կարժանանան պատկան մարմինների ուշադրությանը: Նաեւ հուսանք, որ այդ շարքից ի վերջո դուրս չի մնա մշտապես ամեն ինչից անտեղյակ ձեւացող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

ԾԵԾԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ կեսգիշերին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանին հարակից այգու (Կոմայգու) մուտքի մոտ տրանսվիստիտները վիճաբանում էին հայրենի ոստիկանների ու երիտասարդ տղաների հետ: Երկարածամ տղաները հայհոյախառն արտահայտություններով բղավում էին ոստիկանների վրա եւ սպառնում, որ կդիմեն 6-րդ վարչություն: Ոստիկանության ՀԿԼՎ-ից երեկ տեղեկացրին, որ  4 անձ գիշերը ծեծի են ենթարկել Կոմայգու մոտ հավաքված տրանսվիստիտներին, որոնք զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել այդ մասին: Քաջարի ոստիկաններն էլ ծեծող երիտասարդներին բերման են ենթարկել բաժին՝ մոռանալով իրենց դիմադրություն ցույց տված աղջկա նման երիտասարդների դեմ մի-մի ցուցմունք գրել:




Լրահոս