«Հպարտություն եմ ապրում, որ հայ եմ` անկախ մեր երկրի կոռումպացված իշխանությունից». կարծիքներ` Վատիկանում մատուցված պատարագի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ` Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջնորդությամբ։ Պատարագին ներկա են եղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։

Նշենք, որ սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար: Պատարագը շատ բարձր են գնահատել նաև ՀՀ քաղաքական գործիչները: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համացանցի իր էջում այս առիթով գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նայում եմ Վատիկանում ընթացող Սուրբ Պատարագի արարողությունը և ՀՊԱՐՏՈւԹՅՈւՆ եմ ապրում, որ ՀԱՅ ԵՄ, որ Գրիգոր Նարեկացի ունեմ, որ Աշխարհը Հարգում է իմ ԱԶԳԸ …անկախ նրա այսօրվա կոռումպացված իշխանությունից, տգետ պաշտոնյաններից ու անգրագետ օլիգարխներից»:

Պատարագի կարևորությանն է անդրադարձել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա գրել է.

«Այսօր պատմություն կերտվեց: Հայ առաքելական եկեղեցու հազարյոթհարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու աթոռանիստ Սբ. Պետրոս տաճարում այսօր հնչեց Հայոց զույգ հայրապետների աղոթքը. մեր հավաքական ներաշխարհը ի ցույց դրվեց Սբ. Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար ուխտավորներին և հեռուստատեսությամբ սուրբ պատարագին հետևող բազմամիլիոն հավատացյալներին:

Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը երբեք չէր հնչել այսքան բարձր ու այսքան համոզիչ, այսքան համահունչ մեր քրիստոնեական ինքնությանը: Ապագա սերունդները պատմության դասագրքերում կկարդան ու ըստ արժանվույն կգնահատեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած Սուրբ պատարագը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժամանակը դեռ առավել ցայտուն կիմաստավորի այն, որ Վերածննդի ակունքներում կանգնած Սբ. Գրիգոր Նարեկացին այլևս «տիեզերական եկեղեցու վարդապետ» է:

Այս օրը պատասխանեց նաև հարցին, թե ինչպես է ստացվել, որ չնայած պատմության բերած ահասարսուռ արհավիրքներին, մենք այսօր կանք, կանք որպես համախմբված ժողովուրդ, ունենք մեր անկախ պետականությունը, ունենք երազանքներ, որոնք դեռ պետք է ի կատար ածվեն:

Այսօր ոգին հաղթեց ժամանակին, հավերժը՝ անցողիկին: Աստված պահապան աշխարհասփյուռ հայությանը և մեր անկախ պետականությանը»:

Ստյոպա Սաֆարյանն էլ սոցցանցի իր էջում կիսվել է Արամ Ա կաթողիկոսի` Վատիկանում արված ելույթով, ինչպես նաև միջազգային մի քանի լրատվամիջոցների նյութերով: Ս. Սաֆարյանը նաև կարևորել է, որ միջազգային մամուլը նորից գլոբալ ու խորքային խնդիրների է անդադառնում և արտաբերված քաղաքական տեքստներն է վերլուծում:

Իր տեսակետն է արտահայտել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:   «Հռոմի Պապի այսօրվա ելույթը և Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին մատուցած պատարագը հիրավի պատմական իրադարձություններ են: Արարողություն, որի ընթացքում միախառնվեցին վիշտն ու հպարտությունը, աշխարհիկն ո հոգևորը, ազգայինն ու համամարդկայինը: Կեցցեն արժեքներով ապրող առաջնորդները: Շնորհակալություն այս մնայուն գործը գլուխ բերած մարդկանց, հատկապես, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին»:




Լրահոս