«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդու՝ Շահեն Տիգրանի Պետրոսյանի անունը շրջանառվում է մի շարք մութ պատմությունների մեջ. ասում են՝ նա մարդկանց «կռուպնի քցելու» սովորություն ունի: Դա արվում է այնպիսի մեխանիզմով, որ «քցվածը» վախենա բողոքել, «քցված» գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլինի:
Մեր աղբյուրները նշում են, որ այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան (քանի որ գործը քրեականին չի հասնում) տարբեր դատարաններում, որոնցով որպես պատասխանող ներգրավված է դատավորի որդին՝ Շահեն Պետրոսյանը: Վերջինս, զբաղվելով գործունեության մի քանի տեսակներով՝ անշարժ գույքի գործարքներով, իրավաբանական տարաբնույթ ծառայություններով, վարկավորմամբ, փաստաթղթերի պատրաստմամբ եւ զբոսաշրջությամբ, գտել է շահագրգիռ անձանց, իսկ հետո նրանց հետ մտել համապատասխան գործարքների մեջ. նրանց գայթակղիչ խոստումներ է տվել շահույթ ստանալու մասին, մեծ գումարներ վերցրել ու չի վերադարձրել:
Տուժածներն էլ հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու համար (քանի որ իրենք եւս որոշ առումով «դարձել են» հակաօրինական քայլի մասնակից) գնացել են ոչ թե հանցագործության մասին իրավապահ մարմիններում հաղորդում տալու, այլ քաղաքացիական դատարան` դատավորի տղայից գումար պահանջելու: Բայց «քցվածների» վիճակը դրանով չի լավացել. իրավապահները եթե ինչ-որ կերպ էլ տեղեկացել են «քցողի» ով լինելու եւ նրա գործարքների մասին, «մոռացել են» նրա անունը նշել համապատասխան նյութերում: Իսկ «քցողը» «տուժածների» վախին եւ իրավապահների «լռությանը» զուգահեռ հասցրել է դիմել դատարան եւ դատարանի միջոցով սնանկ ճանաչվել, ինչը նշանակում է, որ պարտքատերերը նրանից փող ստանալու հույսն ընդհանրապես կարող են կորցնել: Թե քանիսն են հասցրել մինչեւ Շահենի սնանկ ճանաչվելը ետ ստանալ իրենց գումարները, հայտնի չէ, բայց կոնկրետ մի գործով ցույց տանք, թե ինչպես է Շահենի մեխանիզմն աշխատել:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2009-ի նոյեմբերի 30-ին քննված մի գործով վարկատու Ռոբերտ Ա. Զուրաբյանը գումարի պահանջի հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ Շահեն Տիգրանի Պետրոսյանի: Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է Շ. Պետրոսյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 6,785,008 դրամ, որից 6,200,000 դրամը որպես փոխառության հիմնական գումար, 585,008 դրամը որպես 6,200,000 դրամի նկատմամբ հաշվարկված, օրենքով նախատեսված տոկոսներ՝ սկսած 25.09.2008թ.-ից առ 08.07.2009թ., ինչպես նաեւ դրանից հետո կուտակված տոկոսները մինչեւ գումարի փաստացի վճարման օրը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը եւ հայցագնի` 6,785,008 դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Շ. Պետրոսյանին պատկանող գույքի վրա: Պատասխանողը հայցի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել:
Այս գործում Շահենի հնարամտությունն այն է եղել, որ նա պարտավորվել է վարկատու Զուրաբյանից վարկը վերցնել ԿԲ-ի սահմանած տոկոսադրույքի կրկնապատիկը (2 տոկոսը) գերազանցող 5 տոկոս տոկոսադրույքով, ինչը քրեորեն պատժելի արարք է եւ ՀՀ քրեական օրենսգրքի լեզվով կոչվում է վաշխառություն: Բայց քանի որ Շ. Պետրոսյանը ո՛չ մայր գումարն է տվել եւ ո՛չ էլ դրա տոկոսները, հայցվորի ներկայացուցիչները խնդրել են, որ դատարանը հաշվի առնի հանցակազմ չլինելու հանգամանքը եւ պատասխանողից բռնագանձի ե՛ւ մայր գումարը, ե՛ւ օրենքով թույլատրելի տոկոսները:
Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, բավարարել է հայցը եւ վճռել պատասխանող Շ. Պետրոսյանից հօգուտ Ռոբերտ Անդրանիկի Զուրաբյանի բռնագանձել 6,785,008 դրամ, որից վարկի գումար` 6,200,000 դրամ, իսկ 585,008 դրամը որպես սկսած 25.09.2008թ. մինչեւ 08.07.2009թ. հաշվարկված տոկոսներ, ինչպես նաեւ դրանից հետո հաշվարկվող տոկոսները մինչեւ պարտավորության կատարումը՝ վճարման օրը:
Հայտնի չէ՝ Զուրաբյանի նկատմամբ Պետրոսյանն այդ պարտավորությունները մինչեւ վերջ կատարել է, թե ոչ, բայց մարդիկ կան, որ տվել ու ընդհանրապես չեն ստացել՝ կորցնելով տուն, փող եւ նյարդեր: Այս ամենի ինտրիգն այն է, որ նման դեպքերը լայն տարածում ունեն մեր իրականության մեջ, պարզապես ի տարբերություն մյուս դեպքերի՝ ասում են, որ հասկանալի հանգամանքների պատճառով դատավորի որդի Շահենը միշտ ջրից «չոր» է դուրս եկել: Մինչդեռ մարդիկ բազմաբնույթ «ծառայություններ մատուցող» երիտասարդին վստահել են տասնյակ հազար դոլարներ. որոշ հաշվարկներով` այդ հայցերի ընդհանուր գումարը կարող է նույնիսկ մեկ միլիոն դոլարի հասնել:
Երեկ փորձեցինք այս հանգամանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանից՝ նշելով, որ նրա որդու անունը շրջանառվում է նման պատմությունների մեջ: Պարոն Պետրոսյանը մեզ առաջարկեց այսօր հանդիպել: Նրա մեկնաբանությունները կներկայացնենք հաջորդիվ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ «ՔՑՈՒՄ» ՈՒ ՉԻ՞ ԴԱՏՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ