Սեպտեմբերի 25-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Վահե Ավետյանի սպանությունից հետո «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ հայտնի ծեծկռտուքից հետո, որի արդյունքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացավ, հուլիսի 1-ի գիշերը փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ռեստորանի տարածք էր բերել զինվորական պայուսակ, որի մեջ հայտնաբերվել էին երկու նռնակ, փամփուշտներ, զինամթերք, եւ սպառնացել պայթեցնել ռեստորանի շենքը: Բանակցություններից հետո նրան կարողացել էին վնասազերծել:
Վ. Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ կրելու համար, ինչը ամբաստանյալն ընդունել է երեկվա նիստում, զղջացել եւ իր պաշտպանի՝ Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ խնդրել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:
Մեղադրողը՝ Տիգրան Հարությունյանը, միջնորդել է Վ. Սամվելյանի համար որպես պատիժ սահմանել 6 ամսվա ազատազրկում եւ 200 հազար դրամի չափով տուգանք: Պաշտպանն էլ իր հերթին միջնորդել է նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել: Գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, որի ժամանակ դատարանը կլսի ամբաստանյալի վերջին խոսքը եւ կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Վ. Ավետյանի դեպքից ցնցված հանրությունը, որը պահանջում է ամենայն խստությամբ պատժել դեպքի բոլոր մեղավորներին, Վ. Սամվելյանի համար ակնկալում է արդարացման դատավճիռ:
Հ.Գ. Մի ուշագրավ եւ կասկածելի հանգամանք կա, որը մտածելու տեղիք է տալիս. Հովհաննես Հարությունյանը «Հարսնաքար»-ի երկու գործերով էլ ներգրավված է որպես պաշտպան, բայց հակառակ կողմերի. նա Վ. Ավետյանի մահվան գործով «մեղավորներից» մեկի՝ Արման Բաղդասարյանի պաշտպանն է, իսկ «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի գործով՝ ընկերոջը ծեծողների արարքից զայրացած Վարդան Սամվելյանի: Արդյոք երկու ամբաստանյալներին պաշտպանելիս փաստաբանը չի հայտնվի հակասությունների մեջ եւ երկընտրանքի առջեւ: Եւ արդյոք պաշտպանյալներից մեկը չի տուժի այդ հակասության արդյունքում:
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ը ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ ԻՍԿԱՊԵՍ ԱՐԵԼ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ