25 ՏԱՐԻ ԱՆՑ` ՆՈՐ ՇԵՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988թ. երկրաշարժից մինչ օրս տնակային պայմաններում գործող Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցն առաջիկայում քարե շենք կունենա: Դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը համակարգվում է «Մեդիամաքս» գործակալության, ավստրիական Do Something կազմակերպության եւ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից: Օգոստոսի 15-ից մեկնարկած շինարարական աշխատանքների համար հատկացված է 450 հազ. դոլար, շինարարությունն  իրականացնելու է «Կանակա» ընկերությունը: Խարխլված ու անհրապույր տնակներում 24 տարի դասեր անցկացրած աշխատակազմին եւ աշակերտներին պատասխանատուները խոստանում են արդեն հաջորդ տարվա հուլիսին հանձնել քարե շենքը:
Հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ երեկ` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ: Արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրիում էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու մարզպետարանի այլ աշխատակիցներ, իսկ քաղաքապետարանից ոչ ոք չկար: Եւ դա այն դեպքում, որ Գյումրու գրեթե բոլոր մշակութային օջախները, այդ թվում եւ թիվ 6 երաժշտական դպրոցը, գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ: ՀՀ փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց բարերարներին, այնուհետ հույս հայտնեց, որ որոշ ժամանակ հետո կունենանք գեղեցիկ եւ բարեկեցիկ կրթական հաստատություն: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից անմիջապես հետո ՀՀ փոխվարչապետը հեռացավ` հավաքված լրագրողներին զրկելով իրեն որեւէ հարց ուղղելու հնարավորությունից:
Հիմքից կառուցվող երաժշտական  դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Գյումրին հյուրընկալել էր նաեւ արտերկրից եկած հյուրերի, որոնց թվում՝ ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ, բարերար Էդուարդ Մարդիգյանին կնոջ հետ: Է. Մարդիգյանը 4 տարի առաջ, առաջին անգամ գալով Հայաստան, լսել է դպրոցի կառուցման ծրագրի մասին եւ այդ ժամանակից որոշել իր ներդրումն ունենալ այս գործում: Նա այս տարի եռապատկել է մինչ 2012թ. հավաքագրված 115 հազ. դոլարը:
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը նշեց, որ ծրագիրը սկսվել է ուղիղ երեք տարի առաջ՝ աշխարհահռչակ Յան Գիլանի, Թոնի Այոմի եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի հեղինակ Ջոն Դիի հետ Գյումրի կատարած այցելությունից հետո: «Մինչեւ Մարդիգյան ընտանիքի նվիրատվությունը մենք ռոք աստղերի հետ համատեղ եւ կառավարության աջակցությամբ հավաքագրել էինք 115 հազ. դոլար, բայց, ըստ նախագծի, անհրաժեշտ էր 450 հազ. դոլար: Երբ գումարը եռապատկվեց, բյուջեն ամբողջացավ, եւ դա թույլ տվեց մեկնարկել շինարարությունը»,-նշեց  Թադեւոսյանը:
Նրա վստահեցմամբ՝ շենքի կառուցումից հետո տարածքը անճանաչելիության աստիճան բարեկարգվելու է, իսկ նորակառույց դպրոցն ամբողջությամբ կահավորվելու է: Ըստ նախագծի՝ երաժշտական դպրոցն ունենալու է երեք մասնաշենք, որոնցից մեջտեղինը կլինի երկհարկ` 14 դասասենյակով եւ ընդարձակ դահլիճով:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս