ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Ռուսաստանն արգելանք կդնի հայկական իշխանի ներկրման վրա` պատճառաբանելով, թե այդ ձկնատեսակի խմբաքանակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: «Բացի այն, որ դրսում են մեր օդերը փակում, մեր երկրում էլ են մեզ նեղում: Ոստիկանության կողմից ոլորտում ստուգումներ են անցկացնում, թե ում պատվերով` դեռեւս չենք պարզել: Դրա հետեւանքով 2 խոշոր ձկնատնտեսություն փակվել են, երկուսն էլ՝ դեղին քարտի տակ են»,-«Ժողովուրդ»-ին ասաց ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Անցյալ դարի 20-ական թվականներից Սեւանի իշխանն իր որակական եւ համային հատկանիշներով համարվեց «իշխանական» սնունդ, այդ իսկ պատճառով այս ձկնատեսակի պահանջն օրեցօր մեծացավ սպառողների շրջանում: Սեւանի իշխանի արհեստական բազմացման եւ ձկնապաշարների ավելացման նպատակով ստեղծվեցին առաջին պետական ձկնաբուծական տնտեսությունները, որոնք Սեւանա լիճ էին բաց թողնում տարեկան 7 մլն իշխանի մանրաձուկ եւ 20 մլն-ից ավելի թրթուր: Սակայն լայն թափով մեր երկրում ձկնարդյունաբերությունը վերսկսվեց 1990թ.-ից, երբ ձեւավորվեցին մասնավոր տնտեսությունները: Հայաստանում գոյություն ունի գրեթե 40 ձկնատեսակ, որոնցից արդյունագործական նպատակով (պահածոյացում, սառեցում) օգտագործվում են 15-ը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ Հայաստանում առկա է 234 ձկնաբուծական տնտեսություն, որից 183-ը՝ Արմավիրի եւ Արարատի մարզում:
Ըստ ջրային ավազանի մակերեսի՝ երկրի ամենախոշոր՝ «Յունիֆիշ», «Դմիտրով», «Էկոֆիշ թրեյդ», «Ակվատեխ» ընկերությունները միասին զբաղեցնում են 2 հազ. հա ջրային մակերես կամ ձկնարդյունաբերության համար օգտագործվող ջրային տարածքի 74,7 տոկոսը եւ կրկին գտնվում են վերոնշյալ մարզերում: Ուստի արդարացված է համարվում այդ մարզերի բնակիչների դծգոհությունը ամռան սեզոնին ջրի սակավությունից: «Էս սաղ գյուղերի ջրերը փակել են, իրանց համար ձուկ են աճեցնում, մենք էլ ամբողջ ամառն անջուր տառապում ենք,-«Ժողովուրդ»-ին բողոքում են Լուսագյուղ, Ակնաշեն համայնքների բնակիչները,-շատ արդար կլինի, որ ռուսները սրանց փտած ձուկը չառնեն: Թող նստեն ու իրանք էլ մենակ ուտեն, կարող ա էդ ժամանակ փորները կշտանա, ու էլ մեզ չհալածեն»:  
«Սերժ Սարգսյանին եւ վարչապետին նամակ գրեցինք՝ խնդրելով դադարեցնել ստուգումները եւ դրա փոխարեն կատարել ուսումնասիրություններ,-ասում է Աթոյանը,-սակայն ոչ մի արդյունք, ստուգումները շարունակվում են: Այս պահի դրությամբ 138 ձկնաբույծների հերթով կանչում են Արմավիրի ոստիկանության բաժին եւ հարցաքննում: Ի՞նչ են քչփորում, ապօրինի ջրօգտագործո՞ղ են փնտրո՞ւմ, թող գտնեն, բայց մեզ չհալածեն: Պարզվում է՝ մեր երկրում մենք մեղավոր ենք, որ ձկնաբուծությամբ ենք զբաղվում: Բան չենք հասկանում, Ռուսաստանը մի կողմից, մեր երկիրը՝ մյուս»: Ըստ Աթոյանի՝ ձկնարդյունաբերողները կասկած ունեն, որ գյուղացիների այս դժգոհությունները հիմք են դարձել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի համար, որտեղ պարբերաբար հրավիրվում են ձկնաբուծական տնտեսությունների տնօրեններ, աշխատակիցներ:
Նշենք, որ հայկական ձկնատեսակների հիմնական գնորդներն են համարվում ԱՄՆ-ն, Ուկրաինան, Արաբական Էմիրությունները, Ռուսաստանի Դաշնությունը: «Նախորդ տարի Ռուսաստանի պահանջարկով մեծացրինք արտահանման ծավալները: Տնտեսվարողներն էլ, բանկից վարկ վերցնելով, մեծացրին մանրաձկան բուծումը: Իսկ այսօր Թուրքիայի ճնշումով խզում է մեր պայմանագրերը»,-ասում է Աթոյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատությամբ արտահանման ծավալները կրճատվել են. 2011թ. արտահանվել է 3,6 տ, իսկ ընթացիկ տարում՝ 867 կգ ձուկ: Լինելով մեր ռազմավարական գործընկերը` ՌԴ-ն սեպտեմբերի 27-ից նախատեսում է դադարեցնել հայկական իշխանի ներկրումը: Ռուսական կողմն իրեն պարտավորված չի համարում իր գործընկերոջը պաշտոնական հիմնավորում տալ: Այս հանգամանքը լուրջ խնդիրներ է ստեղծել տեղական արտադրողների համար: ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը մտահոգված է. «Եթե այսպես շարունակենք, ապա ձկնային տնտեսությունների կեսը կփակվի: Արդեն ամենախոշոր տնտեսություններ համարվող «Յունիֆիշ» եւ «Դմիտրով» ՍՊԸ-ները փակվել են անիմաստ ստուգումների արդյունքում: Եթե այսպես շարունակվի, մեր տնտեսվարողները լուրջ կորուստներ կկրեն»:
ՀՀ կառավարությունն էլ, ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, դեռ վաղ է համարում այս խնդրի շուրջ մեկնաբանություններ տալ:

ՍՈՒՍԱՆՆԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս