Արդեն մի քանի օր է` լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այլ աշխատանքի կտեղափոխվի: Մամուլում հրապարակված լուրերի համաձայն` օրերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են կադրային փոփոխություններ կատարելու հարցեր: Ըստ տարածված լուրերի` Գ. Կոստանյանը որոշել է Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան՝ այլ աշխատանքի: Սակայն դեռևս հայտնի չէ` ինչ աշխատանքի կնշանակվի Ասլանյանը և ով կփոխարինի նրան Շիրակի մարզի դատախազի պաշտոնում:
Armlur.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի դատախազը վաղուց է ցանկանում լքել պաշտոնը: Ըստ երևույթին` Րաֆֆի Ասլանյանի ցանկությունը հաշվի չի առնվել: Հնարավոր է` դեռ նրան արժանի փոխարինող չի գտնվել կամ պարզապես ամենահարմար կերպարը Ր. Ասանյանն է: Ի դեպ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, դատախազի պաշտոնը թողնել ցանկանալու պատճառը ընտանեկան բիզնեսն է:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Ասլանյանների մեծահարուստ ընտանիքը արտերկրում մի քանի բիզնես ունի, ուստի, թերևս, կարիք չկա գործել իրավական համակարգում, առավելևս, որ վերջին շրջանում մարզը, որը ներկայացնում է Րաֆֆի Ասլանյանը, վերջին շրջանում անընդհատ աչքի է ընկնում արտակարգ և աղմկահարույց դեպքերով՝ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ: Հնարավոր է` սա է պատճառը, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարամանով, պաշտոնանկ արվեցին Շիրակի մարզի ոստիկանապետը, ինչպես նաև ոստիկանության տարածքային բաժանմունքի պետեր: Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել Շիրակի դատախազի հետ` իմանալու համար որքանով են համապատասխանում իրականությանը շրջանառվող լուրերը:
Նշենք, որ դեռևս չճշտված լուրեր կան, թե այս փոփոխությունները պետք է դիտարկել Գևորգ Կոստանյան-Հրաչ Բադալյան պայքարի համատեքստում: Հրաչ Բադալյան-Գևորգ Կոստանյան հակամարտության մասին տևական ժամանակ է, ինչ մամուլը գրում է: Աղվան Հովսեփյանի՝ դատախազի պաշտոնից հեռանալուց հետո Երևանի նախկին դատախազը համարվում էր գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, նրան առաջ էր մղում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այժմ, ըստ լրատվամիջոցների, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուն աջակցում է ոչ միայն ոստիկանապետը, այլև Կոստանյանի տեղակալը:
Մեկ այլ տեղեկություններով էլ, Գևորգ Կոստանյանը կադրային ջարդով ցանկանում է ցույց տալ, թե աշխատում է և անում է իրենից կախվածը միգուցե նաև Պերմյակովի գործում Հայաստանի դատախազության դերակատարումը ցույց տալու համար:
Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը: Մնում է սպասել` ինչպես կզարգանան իրադարձությունները և փոփոխությունները որքանով արդյունավետ կլինեն: