ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Շիրակի մարզում էր՝ մասնակցելու Ազատան համայնքում գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացմանը: Նորաբաց կենտրոնը Ազատանի եւ հարակից գյուղերի բնակիչների համար կառաջարկի անասնաբուժական ծառայություններ` հիվանդությունների կանխարգելում եւ բուժում, արհեստական սերմնավորում: Սպասարկման կենտրոնում կվաճառվեն նաեւ դեղորայք եւ անասնապահական իրեր: Նման կենտրոնի բացումը նպատակ ունի համայնքներում խթանել գյուղատնտեսության զարգացումը՝ շեշտը դնելով անասնապահության վրա: Կենտրոնը բացվել է միջազգային հիմնադրամների` CARD, OPES եւ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Շիրակի մարզում բացված այս կենտրոը երկրորդն է հանրապետությունում, բայց գյուղնախարարը վստահեցրեց, որ մի քանի տարի հետո նմանատիպ կենտրոններ կբացվեն նաեւ հանրապետության մյուս մարզերում: Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղատնտեսական եւ անասնաբուժական կենտրոնը  կզբաղվի  նաեւ  մարզի անասնաբույժների վերապատրաստման եւ ժամանակակից գյուղտեխնիկայի ներկրման հարցերով:  

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Շիրակ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՎ
Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդ Խաչատրյանը ստացել է 211 ձայն, անկուսակցական Արամ Մովսեսյանը՝ 117: Իսկ ԲՀԿ-ական  Վահրամ Շարոյանի  օգտին  քվեարկել է  295 ընտրող: Վահրամ Շարոյանի հայրը՝ Գարիկ Շարոյանը, մահապարտների «Արծիվ» գումարտակի վաշտի հրամանատարն էր, զոհվել է Արցախում: Վահրամի եղբայր, ավագ լեյտենանտ Վահագն Շարոյանը 1999թ. զոհվել է Կոթի գյուղի պաշտպանական դիրքերում: Արդեն նախկին գյուղապետ Վարդ Խաչատրյանը մինչ ՀՀԿ-ին անդամագրվելը եղել է «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից տեղեկացանք, որ մոտ մեկ տարի առաջ Վարդ Խաչատրյանը եւ իր կինը դիմում են տվել ԲՀԿ-ին անդամագրվելու համար, սակայն այդ անդամակցությունն ինչ-ինչ պատճառներով չի կայացել:

ԿՈՐՈՇԵՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ
Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյան քաղաքում ավագանու թեկնածուներից Աիդա Զուրաբյանը եւ Գարիկ Մամյանը հավասար «ձայներ» են ստացել: Նրանցից մեկը պետք է համալրի քաղաքի ավագանու վերջին տեղը: Տավուշի մարզի 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (կենտրոնը Նոյեմբերյան) նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ նրանց միջեւ կանցկացվի վիճակահանություն: Նման վիճակահանություն կանցկացվի նաեւ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ավագանու երկու թեկնածուների միջեւ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս