Երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»։ Այս հայտարարությունը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք պատասխան կտան Հռոմի պապի այդ հայտարարությանը, և Վատիկանից հետ կանչել իր դեսպանին` պատճառաբանելով, որ խորհրդակցություն պետք է տեղի ունենա:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց` Հռոմի պապի կողմից մատուցված սուրբ պատարագը մեծ իրադարձություն էր մեր պատմության մեջ: «Այստեղ կա շատ կարևոր քաղաքական նշանակություն: Պատահական չէ, որ Թուրքիան իրականում շատ ջղաձիգ արձագանք է տալիս այդ իրադարձությանը: Վատիկանը տարիներ առաջ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Հռոմի պապի կողմից պատարագի ընթացքում «ցեղասպանություն» բառը գործածելը, հաստատումն է կաթոլիկ աշխարհի կողմից այն բանի, որ ժամանակն է արժեքներն ու շահերը տարանջատել: Հենց այդ արժեքների վրա հենված քաղաքական մոտեցումներն են, որ երկար կյանք և ամուր հիմքեր ունեն: Հետևաբար, վաղուց ժամանակն է, որ երևույթները կոչվեն իրենց անուններով: Հռոմի պապն իր բարձրությունից հետևեց այդ կարևոր հաստատմանը: Դա առաջին հերթին ոչ թե բարի ժեստ է հայ ժողովրդի նկատմամբ, այլ համոզմունք է այն բանի, որ ցեղասպանությունները` որպես մարդկության դեմ ուղղված դաժան հանցագործություն, միշտ պետք է լինեն առաջադեմ մարդկության ուշադրության և դատապարտման կենտրոնում»,- տեսակետ հայտնեց Արտակ Զաքարյանը:
Քաղաքական գնահատական տալով` Զաքարանը նշեց` Թուրքիայի ջղաձգումները հաստատում են, որ թաքցնելու բան ունեն, այլապես Թուրքիան շատ հանգիստ կվերաբերվեր դրան: «Ցանկացած պաշտոնապես արտահայտված ցեղասպանություն բառ, բանաձև, փաստաթուղթ, Թուրքիային ստիպում է էլ ավելի խորը թաթախվել ժխտողականության քաղաքականության մեջ: Դա ցածրացնում է Թուրքիայի իմիջը, թուլացնում է Թուրքիայի դերը միջազգային հարթակում և ևս մեկ անգամ ապացուցում է աշխարհին, որ թաքցնելու ու ամաչելու բան ունի: Դրա համար ճիշտ կլինի, որպեսզի ընդունեն ցեղասպանությունը, որպեսզի ամեն անգամ պատճառաբանություններ չգտնեն»,- եզրափակեց իր խոսքն Արտակ Զաքարյանը: