ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ սկզբունքով եւ ինչպես է իրականացվում վիճակախաղերի լիցենզավորումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի համար լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով լիցենզավորող մարմնի կողմից՝ «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն: Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հայտը բավարարվում կամ մերժվում է լիցենզավորվող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:
Եթե լիցենզիա ստանալու հայտը բավարարվում է, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով ու չափով վճարում է պետական տուրքը՝ հարյուր միլիոն դրամ, ապա դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրվում է լիցենզիա: Հայտատուին լիցենզիան հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու լիցենզիայում նշված՝ տվյալ դեպքում վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վիճակախաղերի բիզնեսը Հայաստանում վաղուց մարել է: Ավելին, եթե միայն լիցենզիայի համար հարյուր միլիոն դրամ պետք է վճարել, ապա նման գումարով ավելի հուսալի ու եկամտաբեր բիզնես կարելի է ձեռնարկել: