Թուրքիայի վայնասունը Հռոմի պապի հայտարարության կապակցությամբ. ԶԼՄ-ների անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն անվանելուց հետո Թուրքիայի «լացուկոծը» չի դադարում:

Մասնավորապես, թուրքական մամուլը զանգվածային կերպով լուսաբանել է երեկ Վատիկանում գրանցված իրադարձությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անցած դարում մեր մարդկությունն անցել է 3 զանգվածային ու աննախադեպ ողբերգությունների միջով»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: «Դրանցից առաջինը, որ շատերի կողմից համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է հենց ձեզ՝ հայերիդ»,-ասել է Հռոմի պապը:

Ինչպես գրում է «Հյուրիյեթը», Թուրքիայի արձագանքն այս հայտարարությանը եղավ Վատիկանում երկրի դեսպան Անտոնիո Լուցիբելին Անկարա հետկանչումը:

Նշվում է, որ Վատիկանում դեսպանի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի փոխարտգործնախախար Լևենտ Մուրատ Բուրհան հայտարարել է, որ «Հռոմի պապի հայտարարությունը Անկարայում մեծ ցավ ու հիասթափություն է հարուցել»:

Իր հերթին Cumhuriyet-ն անհանգստացած կերպով փաստում է, որ Հռոմի պապի կողմից 1915թ իրադարձություններին ցեղասպանություն որակավորում տալը մեծ արձագանք է ստացել միջազգային հեղինակավոր պարբերականի կողմից: Թուրքական կայքը մասնավորապես մեջբերում է Financial Times-ի, BBC-ի, CNN-ի, Huffington Post-ի ու այլ հեղինակավոր պարբերականների հոդվածներից հատվածներ:

Իր հերթին, ընդդիմադիր «Dogan Haber» լրատվական գործակալությունը նշում է. «Չնայած Թուրքիայի բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, Հռոմի պապն ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացված եղել»:

Ձախակողմյան «Birgun» պարբերականը հիշեցնում է, որ դեռևս մարտի վերջերին Վատիկանում Թուրքիայի դեսպանն ասում էր, թե սպասելիք ունեն, որ պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրաբառը:

«Անկարայում ցեղասպանության երկրաշարժ է»,- գրում է աղբյուրը:




Լրահոս