ՀԱՐՎԱԾՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա Իտալիայում հանդիպելու է երկրի ղեկավարության հետ, ապրիլի 10-ին կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Այնուհետեւ Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 11-ին ներկա կլինի Գարեգին Բ կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանը, Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման եւ օծման արարողությանը: Իսկ ապրիլի 12-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկան, որտեղ պետք է մասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս պատարագի մասին «ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս ապրիլի 1-ին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ եւ առերես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզել գալ Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործում Ս. Սարգսյանին կօգնեն նաեւ Վատիկանի հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, ինչպես նաեւ՝ արտերկրում ապրող մի շարք հայ մեծահարուստներ: Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս քայլը նաեւ երկրորդ իմաստն ունի. եթե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չընդունի հրավերը եւ չգա Հայաստան, ապա այդ փաստն այլեւս այնքան էլ չի համարվի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ձախողումը: Դա կհամարվի Սերժ Սարգսյանի անձնական ձախողումը:
Հ. Գ. Նկատեցի՞ք՝ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նախատեսված միջոցառումները սկսվում են ապրիլի 10-ից, սակայն նա երեկ արդեն մեկնեց երկրից: Ըստ ամենայնի, ՀՀԿ առաջնորդը խուսափեց ընդունել երեկ երեկոյան Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: Իսկ Երեւանում լինելով՝ չէր կարող չընդունել նրան, քանի որ Քիմին նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման է ընդունում:

 

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարությունը խմբակցության կին անդամներին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամը 16.00-ին գալու է խմբակցություն եւ հանդիպելու է իրենց հետ: ՀՀԿ կանանց ասել են, որ նրանք կարող են իրենց հուզող հարցերը տալ վարչապետին: Իսկ ՀՀԿ-ական կանայք իրենց հերթին մտավախություն են ունեցել, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպման է հրավիրում՝ շաբաթ օրը Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածի միջադեպի համար իրենց ամոթանք տալու համար: Սակայն, ի ուրախություն տիկնանց, Աբրահամյանի գալուց հետո պարզվել է, որ ՀՀԿ-ական կանանց Ծիծեռնակաբերդի արկածները նրան ոչ էլ հետաքրքրում են, եւ նա կանանց պահվածքի հետ կապված ոչինչ չի ասել, ու կյանքից վերցրած թեմաների շուրջ զրուցել են: Մինչեւ իրավիճակի պարզվելը, ՀՀԿ տիկնանցից ամենաշատ «վախեցածը» եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Բայց երեկվանից նա այլեւս հասկացել է, որ Ծիծեռնակաբերդի դեպքը անցավ պատմության գիրկը: Իրեն որեւէ մեկը չի պատժի, չի նախատի:

 

 

 

 

 

Այս տարվա առաջին երեք ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 536 մարդ: Ըստ այդ տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Հայաստանի երկու` «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից ընդհանուր հաշվով մեկնել է 123 հազար 164 ուղեւոր, իսկ ժամանել` 111 հազար 628-ը: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կտրուկ նվազել են ինքնաթիռով բեռների փոխադրման ծավալները: Անցած տարի ինքնաթիռով Հայաստանից առաքվել է 1029 տոննա բեռ, այս տարի` 648 տոննա: Անցած տարի ինքնաթիռով Հայաստան է բերվել 544 տոննա բեռ, այս տարի` 398 տոննա: Կասկածից վեր է, որ ինքնաթիռով բեռնափոխադրումների անկումը եւս պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունով, ինչպես դա առկա է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության նվազման դեպքում:

 

 

 

 

 

Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթեւի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ «բիոզուգարանը» տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Սակայն այստեղից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասել են, որ թանկարժեք «գույքի» անհետացման հետ իրենք կապ չունեն եւ առաջարկել էին դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»-ին ասել էր, թե իրենց նախարարությունը այս պատմության հետ կապ չունի եւ առաջարկել էլ դիմել Ազգային մրցունակության հիմնադրամ: Կարճ ասած՝ տուն-տունիկ: Իհարկե, այն, որ պետական պաշտոնյաները պետք է փորձեն մեկը մյուսի վրա գցելով մոռացության մատնել զուգարանների պատմությունը, սպասելի էր, բայց որ այսքան անթաքույց լկտիաբար, դժվար էր պատկերացնել: Հուսանք, որ, ի վերջո, որեւէ մեկը պատասխան կտա պետական միջոցները փոշիացնելու համար:

 

 

 

 
«ԾԵՐՈՒԿԸ» ԿՐԿՆՎՈՒՄ Է…

Ռոբերտ Քոչարյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել սեփական կայքին, որը, նկատենք, բավականին անսպասելի էր ոչ թե անակնկալի իմաստով, այլ սպասված չլինելու: Փետրվարի 16-ին տված իր վերջին հարցազրույցից հետո, որում նա, ըստ էության, սպառնում էր Սերժ Սարգսյանին` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու դեպքում ընդդիմադիր դաշտի առավել համախմբմամբ եւ իրավիճակի հետագա սրմամբ, Քոչարյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում: Ծառուկյանի խայտառակ «կապիտուլյացիայով» Ս. Սարգսյանն, ըստ էության, «կապիտուլացրեց» նաեւ Ռ. Քոչարյանին` որպես ներքաղաքական զարգացումների վրա ստվերային ազդեցություն ունեցող գործոն, ինչից հետո նախկին նախագահի մասին բոլորը պարզապես մոռացել էին: Եվ հիմա, փաստորեն, իր այս հարցազրույցով Քոչարյանը փորձում է հիշեցնել իր մասին, սակայն քաղաքական նախկին կշռի եւ ասելիքի բացակայության պայմաններում դա այդքան էլ արդյունավետ չի ստացվում:
Երեկվա հարցազրույցի թերեւս միակ հետաքրքիր պահն այն էր, որ իր ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին Քոչարյանը խոսեց անցյալ ժամանակով: «Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ…»,- ասաց նախկին նախագահը` միեւնույն ժամանակ հարկ համարելով արդարանալ իր` արդեն նշված սպառնալիքների համար. «Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի եւ երկրի համար դրա հնարավոր բացասական հետեւանքների խնդրով մտահոգ ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահի հայտարարությունն էր»: Հարցազրույցի մնացած հատվածներում նախկին նախագահն, ըստ էության, որեւէ նոր բան չի ասում, անգամ մեկ-երկու տեղ բացահայտ արձանագրում է, որ կրկնվում է. «Կրկնվեմ. երկիրը անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի աշխատասենյակից», – վստահեցնում է Քոչարյանը, ով թե՛ վարչապետի, թե՛ նախագահի սենյակից երկիրը միատեսակ անհաջող կառավարեց:
Ի դեպ, Քոչարյանի անհաջող կառավարման հետ կապված դառը հիշողություններ են արթնացնում նրա` արդեն հաջորդ նախադասությունում արված պնդումները, թե. «Խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը: Ձեզ հայտնի են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է»: Սա ասում է մի մարդ, ով ինքը հրապարակավ մերժում էր կուսակցական ինստիտուտը` հայտարարելով, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, եւ որ ամենակարեւորն է` հրապարակավ խոստովանելով, որ ինքն էր հատ առ հատ կազմում խորհրդարան անցնող կուսակցությունների համամասնական ցուցակները: Եվ դեռ այդքանից հետո էլ նա, «տեսեք-տեսեք», մտահոգվում է, որ խորհրդարանական համակարգը «կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»:




Լրահոս