ՀՀ կառավարությունում բեմադրված շոու ներկայացման հեղինակներն այնքան ինքնամոռաց կերպով էին նվիրվել Սերժ Սարգսյանից կոռուպցիայի, անարդարությունների ու այլ բացասական երեւույթների դեմ անխնա պայքար մղող մարտիկի կերպար կերտելու գործին, որ մոռացել էին ուշադրություն դարձնել մի շարք կարեւոր մանրուքների վրա: Արդյունքում՝ ներկայացումը ստացվել էր բավական փնթի ու անգրագետ:
Պարզվում է՝ “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ-ը 2011թ. ի վեր այլեւս չի զբաղվում պետական գնումների իրականացմամբ: Մինչեւ 2011թ. այս գործառույթն իրականացրել է Պետական գնումների գործակալությունը, որի ղեկավարը, իհարկե, կրկին Հակոբ Բեգլարյանն էր: Սակայն “Գնումների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո այն լուծարվեց: Իսկ որպես պատվիրատու, արդեն հանդես են գալիս պետական գերատեսչությունները՝ ԱԺ-ն, կառավարությունը, մարզպետարանները եւ այլն: Ասել է թե՝ արդեն երկու տարի է՝ պետական գնումների գործընթացն իրականացնում են այլ մարմիններ, որոնք էլ պատասխանատու են կատարվածի համար:
Իսկ “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ-ին, ըստ “Գնումների մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, տրվել են բոլորովին այլ բնույթի լիազորություններ: Այս ՊՈԱԿ-ն իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումը ու վերապատրաստումը, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն, գնահատում մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը եւ որակավորումը, կազմում եւ հրապարակում է համապատասխան էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները, ներկայացնում եզրակացություններ, եւ այսպես շարունակ: Ասել է թե՝ այս կենտրոնն առաջնային պատասխանատվություն չի կրում գնումների գործընթացի համար: Ավելին, “Ժողովուրդ”-ի իշխանամերձ աղբյուրների տեղեկացմամբ՝ օրենսդրական այդ փոփոխություններից հետո նորաստեղծ ՊՈԱԿ-ի պետ Հակոբ Բեգլարյանն այնքան է վրդովվել իր իրավասությունների կրճատումից, որ 3 անգամ փորձել է հրաժարական ներկայացնել: Սակայն ամեն անգամ նրան համոզել են սպասել ու նման կտրուկ որոշումներ չկայացնել:
Եվ ահա՝ սեպտեմբերի 15-ին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն անդրադարձել է պետական գնումների ոլորտին, շատերի համար անհասկանալի է եղել, թե հատկապես ինչու է քննադատության թիրախ ընտրվել նա: Ս. Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանի ներկայացրած զեկույցը, որ հետո հրապարակվեց նաեւ “Հրապարակ”-ում, այդպես էլ որեւէ կոնկրետ մեղադրանք չի պարունակում “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ-ի հասցեին, չկա չարաշահումների մասին որեւէ կոնկրետ տվյալ: Լավագույն դեպքում՝ ընդհանրական նախադասություններ են ու գնահատականներ: Հ. Հովսեփյանն իր մամուլի քարտուղարի միջոցով փոխանցեց, որ նախագահի վերահսկողական ծառայությունն ընդամենը ստուգումներ իրականացնող ու չարաշահումներ բացահայտող մարմին է, իսկ թե կոնկրետ որ գործով ինչ է տեղի ունեցել, ինչ բացահայտումներ կան, ըստ նրա՝ տեղյակ է ֆինանսների նախարարությունը, որին էլ իրենք փոխանցել են տեղեկատվությունը:
Չի բացառվում՝ պետական գնումների հետ կապված չարաշահումներն իրականացված լինեն Պետական գնումների գործակալության գործունեության օրոք, այսինքն՝ մինչեւ 2011թ., քանի որ դրանից հետո “Գնումների աջակցման կենտրոն”-ն այլեւս այդ գործով զբաղվելու անմիջական ֆունկցիա չի ունեցել: Սակայն այս դեպքում անհասկանալի է, թե ինչու միայն 2 տարի անց՝ նախագահական ընտրությունների շեմին նոր են հիշել չարաշահումների մասին:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը տարակուսած հարցրել է Ս. Սարգսյանին, թե ինչու է նա այդպես կտրուկ խոսում այդ ոլորտի մասին: “Չէ՞ որ այդ ՊՈԱԿ-ը վաղուց գնումներով չի զբաղվում”,-ասել է Տ. Սարգսյանը: Ս. Սարգսյանն ասել է, թե տվյալները տրամադրել է իր վերահսկողական ծառայությունն ու անմիջապես շրջվել է դեպի Հ. Հովսեփյանը՝ հարցնելով. “Հովի՛կ, դու ինձ խաբե՞լ ես”: Վերջինս շփոթվել ու շառագունել է, փորձել է ինչ-որ բառերով արդարանալ: Բայց Ս. Սարգսյանը հեռացել է:
Հ.Գ. Ս. Սարգսյանի ոչ միայն այս ներկուլիսային խոսքերից, այլեւ խորհրդակցության ժամանակ հրապարակավ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ նրան խաբում են բոլորը, խաբում ամեն քայլափոխի: Նույնիսկ իր կուսակցության անդամները, իր թիմակիցները, իր աշխատակիցները: Ավելին, Սերժ Սարգսյանը նաեւ խոստովանում է՝ ինքը չի տիրապետում իրավիճակին, իսկ եթե տիրապետում է, ապա չի համարձակվում գնալ կտրուկ քայլերի: Իզուր չէ, որ իշխանության ներսում նրան մշտապես համարել են թույլ ղեկավար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ