«Հիմնադիր խորհրդարան»-ը դառնում է լեգիտիմ մարմին և չի համագործակցի գործող քաղաքական ուժերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հիմնադիր խորհրդարանը» ներկայացրեց իրենց կողմից երկար սպասված հռչակագիրը: Այն իրենից ներկայացնում է նոր որակի պետության ձևավորման և զարգացման վերաբերյալ փաստաթուղթ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իրենք ծրագրել են նաև ռեժիմին հեռացնելուց հետո անցումային փուլի վերաբերյալ ծրագիր:

ՀԽ-ն պատրաստվում է նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնել, որը սահմանված կարգոց կդրվի հանրաքվեի, որից հետո, եթե ստանա բավարար չափով ձայներ, «Հիմնադիր խորհրդարանը» կպարտավորվի իրականացնել համապետական և տեղական արտահերթ ընտրություններ: Իսկ եթե ոչ, ապա ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությանը համաձայն:

Ենիգոմշյանի խոսքով` իրենց հետ պայմանագիր կնքող քաղաքացիները պարտավորվում են ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարները, նպատակները, իսկ ՀԽ-ն պարտավորվում է ստեղծել նոր որակի պետություն: «Հիմնադիր խորհրդարան»-ը պարտավորվում է ոչ ուշ, քան կառավարող ռեժիմին հեռացնելու օրվանից երկամսյա ժամկետում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն մեկ քառորդի հետ կնքել «ՀՀ քաղաքացու և ՀԽ-ի միջև ՀՀ ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին» պայմանագիրը և դառնալ պետական կառավարման լեգիտիմ ներկայացուցչական մարմին»,- նշված է հռչակագրում:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իրենք գործող կուսակցություններից ոչ մեկի հետ համագործակցելու ակնկալիք չունեն, քանի որ իրենք պատրաստվում են ստեղծել նոր պետություն` ռեժիմի վերահսկողությունից դուրս պետություն: «Մենք բազմիցս ասել ենք, որ մերժում ենք ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ուժերի կողմից ընտրությունների բարձրաձայնման գործընթացին մասնակցելը»,- ասաց նա:




Լրահոս