Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղի դպրոցի շենքի անմխիթար վիճակից` հավաստիացնելով, որ այն վթարային է:
“Ճիշտ է, երեխաները հաճույքով են գնում դասի, բայց, ամեն դեպքում, վտանգավոր է այդ շենքում դասեր անցկացնել: Երբ տուն են գալիս, ծիծաղելով նկարագրում են, թե ինչպես է շենքը դղրդում դասարանի դուռը ամուր փակելիս: Շատ ենք ուզում, որ մեր դպրոցը մեկ օր շուտ վերանորոգվի: Իսկ հիմա Աստված ենք կանչում, որ այն չփլվի”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհեցին ծնողները:
Նրանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նկատեց.
“Այնքան դժգոհություններ ունենք, որ չգիտենք՝ որի մասին բարձրաձայնենք: Նույնիսկ վստահ չենք՝ մեր խոսքը կհասնի, թե ոչ”: Ծնողների պատմելով՝ դասասենյակներից մեկի հատակը անցք է ունեցել, եւ մի օր՝ դասի ժամանակ, ուսուցչուհիներից մեկի կոշիկի կրունկը մնացել է դրա մեջ: Դասասենյակի համար հենց իրենք են 2000-ական դրամ հավաքել, որպեսզի ,լինոլյումե գնեն ու հատակին գցեն, որ երեխաների ոտքերը չսառչեն: Նաեւ հավելեցին, որ միայն նախադպրոցականների համար նախատեսված դասասենյակներն են վերանորոգված ու կահավորված:
ՀՀ քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ 2012-ին պետական բյուջեով նախատեսվել է մոտ 7 միլիարդ դրամ գումարով քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացնել 97 կրթական օբյեկտների հիմնանորոգման, այդ թվում նորի կառուցման աշխատանքներ: Արմավիրի մարզում նախատեսված էին ավելի քան 600 մլն դրամի շինաշխատանքներ 9 կրթական օբյեկտներում:
Դիմեցինք նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` պարզելու, թե դպրոցաշինության համար կառավարությունը որքան գումար է հատկացրել: Տարածքային կառավարման նախարարի մամլո խոսնակ Զոյա Բարսեղյանից տեղեկացանք, որ 2011-ին ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլրդ գումար է հատկացրել մարզերին, իսկ այս տարի էլ տրվել է 10 մլրդ դրամ` համայնքներում առաջնահերթ խնդիրները լուծելու համար:”Այդ ծրագիրը կոչվում է հրատապ խնդիրների լուծման ծրագիր: Յուրաքանչյուր մարզին ամեն անգամ հատկացվում է գրեթե 1,3 մլրդ դրամ: Ի տարբերություն մյուս մարզերի՝ Արմավիրում դրա 80 տոկոսը հատկացվում է դպրոցներին”,-ներկայացրեց Զ. Բարսեղյանը:
Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո խոսնակ Հերմինե Վարդանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Լուսագյուղ համայնքի դպրոցը նախատեսված է ընդգրկել “Հրատապ ծրագրի” չորրորդ փուլում, որը առաջիկայում կմեկնարկի: “Այս փուլում ոչ մի ծրագրում դպրոցի վերանորոգումն ընդգրկված չէ, բայց հետագայում այն կլինի: Անպայման այդ հարցին լուծում կտրվի: Չնայած մասնակի վերանորոգման աշխատանքներ դպրոցն իր բյուջեի հաշվին արել է, բայց որեւէ հիմնական ծրագիր դպրոցում չի իրականացվել”,-տեղեկացրեց խոսնակը:
Նրա խոսքով՝ մարզի երեք տասնյակի հասնող դպրոցներում շինարարական աշխատանքներ են իրականացվել, իսկ առայժմ լուծում է տրվել միայն առաջնային հարցերին: “Արվում է ամեն ինչ` օր առաջ այդ հարցերին լուծում տալու համար: Փուլ առ փուլ են այդ աշխատանքները տարվում: Առաջին փուլով դպրոցի տանիքի, պատուհանների կամ դռների հարցը կկարգավորվի, երկրորդ փուլով ջեռուցման հարցը: Բնականաբար, եթե տանիքի, պատուհանների եւ դռների վիճակը նորմալ չեղավ, ջեռուցման հարցն իմաստ չունի լուծել”,-ավելացրեց մարզպետի խոսնակը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ