Երեկ` ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ ղեկավարությունը եւ լրատվական դաշտը զբաղված էին Քարդաշյան քույրերի շրջագայությունը կազմակերպելով ու լուսաբանելով, Հայաստանի իրավապահները հերթական «օպերացիան» էին իրագործում ընդդեմ Հայաստանի: Արցախյան պատերազմի հերոսին` Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին շղթայված, ի ցույց բոլորի, Երեւանի Նալբանդյան փողոցով ՀՀ ԱԱԾ շենքից տեղափոխում էին ՀՀ քննչական կոմիտե, որ այնտեղ նրանց շինծու մեղադրանք առաջադրեն: Այն, որ ՀՀ քննչական կոմիտեն Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին շինծու մեղադրանքներով կպահի անազատության մեջ այնքան, որքան հրահանգեն, ի սկզբանե հայտնի է: Բայց երբ ՀՀ իշխանությունները Սէֆիլյանին շղթայված փողոցով, ի ցույց բոլորի, տանում են, դրանով նրանք հայ հանրությանը նաեւ կոնկրետ ուղերձ են հղում. Հայաստանի համար իրենց կյանքը զոհելու պատրաստ հերոսների խարանը սա է, իսկ պետության բարիքները պետք է վայելեն բանակից փախած, առնվազն մեկ անգամ ընտրություն կեղծած եւ պետբյուջեի փողերը թալանածները: Վերջիններս իշխանություններին լավ ծառայելու դեպքում կարող են դառնալ պատգամավոր, նախարար եւ քաղաքապետ:
Հ.Գ. «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, նախաձեռնության անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Գարեգին Չուգասզյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-225 հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ նախապատրաստելը: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածներին արգելված է մամուլ ստանալ եւ տեսակցություններ ունենալ` բացառությամբ փաստաբանների հետ հանդիպելուց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու համար նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմն իր վրա վերցնի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀԷՑ-ը կուտակել է 300 մլն դոլարից ավել պարտք, որի մեջ ներառված չեն էլէներգիա արտադրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Այսինքն՝ ՀԷՑ-ի առքուվաճառքի գործարքը` պարտքերով հանդերձ, կկազմի շուրջ 500 մլն դոլար: Ինչը գործարքը դարձնում է, մեղմ ասած, ոչ շահավետ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սամվել Կարապետյանի եղբորից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից պարզել, թե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը որքանով են իրական: «Դեռ այդպիսի բան չկա, եթե այդպիսի բան լինի, մենք կասենք: Մենք դեռեւս այդ թեմայով չենք զբաղվում»,- պատասխանեց ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը:
Դեռ երկու ամիս էլ չի անցել այն օրից, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային պատերազմ հայտարարեց այն ժամանակ դեռեւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` վերջինիս հասցեին ամենավերջին արտահայտությունները հնչեցնելով եւ նրան անուղղակի մեղադրելով տարաբնույթ հանցանքներ կատարելու մեջ: Սակայն բավական էր, որ Ծառուկյանը հայտարարեր քաղաքականությունից դուրս գալու մասին, նրա բոլոր «մեղքերը» մոռացվեցին, եւ աստիճանաբար նա վերադարձնում է իր երբեմնի դիրքը: Նա կզբաղվի Աբովյանի քաղաքապետի ընտրություններով, կշարունակի ընդլայնել իր բիզնեսը, քանի որ ոչ ոք այլեւս նրան չի կասկածում հարկեր չվճարելու մեջ: Այսինքն՝ հերթական անգամ ապացուցվում է, որ ՀՀ ղեկավարության հայտարարություններին, սկսած Սերժ Սարգսյանից, կարիք չկա լուրջ վերաբերել: Ժամանակի հետ նրանք իրենց ասածների մասին մոռանում են եւ սկսում են ուղիղ հակառակն անել:
ՀՀ մի քանի նախարարների շրջանում «Ժողովուրդ»-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրանից ոչ մեկը մինչ օրս չի ծանոթացել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի հետ (բացառությունը ՏԿՆ Գագիկ Բեգլարյանն էր) Դե, իհարկե, ծանոթանային, որ ի՞նչ անեին, դրանից ի՞նչ պետք է փոխվեր: Նախարարներն էլ գիտեն, որ Կարեն Անդրեասյանն ընդամենը թուղթ է սեւացրել: ՀՀ ՄԻՊ ինստիտուտը տարիներ շարունակ հետեւողական ձեւով արժեզրկվում է, եւ այդ գործընթացի առանցքային դերակատարը հենց ինքը` Կարեն Անդրեասյանն է: Այն պահից, երբ չորս տարի առաջ նա ստանձնեց ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը, ակնհայտ էր, որ որոշ ժամանակ անց պետական պաշտոնյաները դադարելու են ՄԻՊ-ին բանի տեղ դնել եւ այդ կառույցին սկսելու են վերաբերվել որպես դեկորատիվ նշանակություն ունեցող մի գրասենյակի: Կարեն Անդրեասյանն այս ընթացքում ամեն ինչ արել է, որ բոլորը` ՀՀ քաղաքացիներն էլ, պաշտոնյաներն էլ, իր մասին մոռանան, որպեսզի ինքն էլ իր համար ծառայողական ավտոմեքենա ունենա ու բարձր աշխատավարձ ստանա:
ԱՆԱԿՆԿԱԼԻՔ
Դեռեւս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ու թեեւ ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատել են երեք-չորս պետությունների առաջին դեմքեր, որոնցից առավել նշանակալին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մյուս կարեւոր մասնակցությունը ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինինն է, որի այցի վերաբերյալ, սակայն, անընդհատ հակասական տեղեկություններ են հրապարակվում:
Երեկ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը հայտարարել է, թե Վ. Պուտինի այցը ՀՀ ներկայումս դեռեւս քննարկվում է: Ընդ որում, նա նաեւ ընդգծել է, որ նույն օրը Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով: Նկատենք, սակայն, որ ՀՀ ԱԳ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ երեկ ասել է, թե Վ. Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների` նախօրեին կայացած հանդիպման առանցքային թեմաներից մեկը` այդպիսով ընդգծելով, որ այդ հարցը որոշված է, եւ Պեսկովի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական քայլ է:
Կգա արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ այցերը, բացի կարճաժամկետ քաղաքական էֆեկտից, դժվար թե այլ` առարկայական արդյունք ունենան: Իհարկե, որքան մեծ լինի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած պետությունների ղեկավարների թիվը, այդքան ՀՀ կշիռն ու հեղինակությունը դրանից կշահի, ինչը, սակայն, ամենեւին էլ չի նշանակում, որ դա անմիջականորեն հանգեցնելու է Ցեղասպանության ճանաչման եւ առավել եւս` հայկական պահանջատիրության գործընթացի առաջխաղացմանը:
Անշուշտ, Հայաստանն այս ամենից կարող է եւ պետք է հնարավորինս օգուտներ քաղի՝ իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման համար բարենպաստ հիմքեր ձեւավորելով: Սակայն բուն Ցեղասպանության ճանաչման հարցում լուրջ տեղաշարժերի ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ մի կողմից` Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» դառը պտուղները` կիսամեռ արձանագրությունները, մյուս կողմից էլ` անցած տարիներին Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ լուրջ, ծանրակշիռ, գիտական աշխատանքների բացակայությունը, հող չեն նախապատրաստել այդ ամենի համար: Եվ թուրքերի մտավախությունները, թե ահա-ահա` հայերը հարյուրամյակին մի այնպիսի հուժկու` գիտականորեն եւ իրավապես անխոցելի հարված են հասցնելու, որից օսմանյան մերժողականության փտած պարիսպներն ընկնելու են, ցավոք, իզուր էին: Արդեն իսկ ակնհայտ է, որ առավելագույնը, ինչի համար թուրքերն այդ օրը կարող են մտահոգվել, Պուտինի եւ Օլանդի բացակայությունն է Չանաքալեից, ինչը, համաձայնեք, հարյուրամյակի համար շատ մեծ բան չէ: