ՕՐԵՆՔՈՎ ՈՉ ՈՔ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՉԻ ԶՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի «պատմական» ելույթը` նվիրված Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին, դեռեւս թարմ է հանրության հիշողության մեջ: «Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով՝ ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, եւ այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», – հայտարարել էր Ս. Սարգսյանը:

ՀՀԿ առաջնորդի այդ ելույթից հետո սկսվեցին կոնկրետ գործողություններ՝ Գ. Ծառուկյանին զրկեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամությունից, հանձնարարվեց ուսումնասիրել նաեւ Աժ մանդատից զրկելու հարցն ու, ի վերջո, սկսեցին ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում: Արդյունքում՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հայտարարել, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
Սակայն երկու ամիս էլ չանցած` Սերժ Սարգսյանը, փաստորեն, մոռացավ իր հնչեցրած գնահատականներն ու «օդում կախված» մեղադրանքները եւ «վերակենդանացրեց» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյան դերակատարին` Կոտայքի մարզպետ նշանակելով վերջինիս փեսային՝ Կարապետ Գուլոյանին, Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էլ ամբողջությամբ թողնելով Գ. Ծառուկյանի հայեցողությանը:
Այսքանից հետո այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Սերժ Սարգսյանը նախ որոշեց փնովել Գ. Ծառուկյանին` հիշեցնելով անգամ նրա մականունը. «Տարիներ շարունակ ե՛ս եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը…», իսկ որոշ ժամանակ հետո նրան նախկին դիրքին վերադարձնելուն ուղղված քայլեր անել: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին վերադառնում է քաղաքական դաշտ ու իր դերակատարությունն է ունենալու գրեթե բոլոր հարցերում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Սակայն հիմա, փաստորեն, նրան կրկին քաղաքականություն վերադարձնելուն ուղղված քայլեր են արվում, ինչո՞ւ:
-Ի՞նչ է, ուզում եք Ծառուկյանին ամեն ինչից զրկե՞ն:
-Բայց Սերժ Սարգսյանն էր որոշել Գագիկ Ծառուկյանին ամեն ինչից զրկել:
-Ինչի՞ց են զրկել, ինչի է Ձեզ բոլորիդ էդ հարցը հետաքրքրում, իրա փեսան մեղավո՞ր է, որ գնացել, իր աղջկան ուզել է, փեսան ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, հա, հարազատական կապ կա, բայց այդ մարդը քաղաքապետ է աշխատել, ըստ երեւույթին, արժանի է, որ իրեն նշանակեն մարզպետի պաշտոնում: Վաղը, մյուս օրն էլ կարողա իրեն նախարար նշանակեն կամ մեկ ուրիշ տեղ, չեմ կարծում, որ այդ ամենի համար կարելի է Ծառուկյանին մեղադրել: Դա անցած էտապ է, հո մինչեւ 2020 թիվը Ծառուկյանից կամ այդ հայտարարությունից չենք խոսելու, ի վերջո, դա էլ է էլի ձանձրացնող թեմա: Ես իմ կարծիքը դրա մասին ասել եմ: Նա մեր երկրի քաղաքացի է եւ լիիրավ իրավունք ունի ցանկացած գործունեություն ծավալել: Ոչ մեկը օրենքով Ծառուկյանին չի զրկել քաղաքականությամբ զբաղվելուց, այդպիսի բան իրականում գոյություն չունի մեր երկրում:
-Սերժ Սարգսյանն էր նրան «արգելել» քաղաքական գործունեություն ծավալել, քանի որ, ըստ նրա, Գ. Ծառուկյանը վնաս է հասցնում երկրին՝ բոլոր ոլորտներում: Այդպես չէ՞:
-Դա ուրիշ բան է, բայց զրկելն ուրիշ բան է, Դուք գրագետ մարդ եք, խորհուրդ տալն ուրիշ է, քաղաքական գործունեությունից զրկելն` ուրիշ: Չեն զրկել, խորհուրդ են տվել, այո, ինքն էլ անսաց այդ խորհրդին ու դուրս եկավ ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ու հիմա էլի չի մասնակցում ակտիվ քաղաքականությանը, Դուք եք ենթադրում, որ ինքը ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում: Ճիշտ կլինի՝ իրեն հարցնեք, որովհետեւ ես չգիտեմ՝ ինքը մտադիր է քաղաքականությամբ զբաղվել, թե ոչ:

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ինչո՞ւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «հեռացրիք» քաղաքական դաշտից ու հիմա նորից ասպարեզ եք բերում՝ վստահելով անգամ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները:
-Մենք այդ ամենի հետ կապված քաղաքական գնահատականներ տվել ենք, ավելացնելու բան չունեմ: Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ գործընթացներին, մարդու աշխատանքը գնահատել են ու նշանակել են մարզպետ, դրանք միմյանց հետ որեւէ կապ չունեն: Մենք մեր գնահատականները վաղուց ներկայացրել ենք: Ավելացնելու բան չունեմ:

 

 

 

 

 

ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՆԵՐՔՈ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՆԿԱՐՎԵՑԻՆ, ԾԱՌ ՏՆԿԵՑԻՆ

Երեկ Ազգային ժողովի բակում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը, որից հետո հայրենի պատգամավորները խորհրդարանի այգում 100 ծառ տնկեցին, ջրեցին, լուսանկարվեցին ու հեռացան:

Ժամը 13:30-ին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները պարտաճանաչ իջան բակ, որտեղ նախ՝ ելույթ ունեցավ Գալուստ Սահակյանը, ապա՝ հուշարձանը բացեցին, մոտեցան, ջուր խմեցին: Նախքան միջոցառումը սկսելը պատգամավորները միմյանց հուշում էին չժպտալ եւ լրագրողների ուշադրության կենտրոնում չհայտնվել, որպեսզի Ծիծեռնակաբերդ գնացած ՀՀԿ կանանց կարգավիճակում չհայտնվեն:
Հուշարձանի բացումից հետո էլ Գալուստ Սահակյանը հորդորեց բոլորին գնալ ու ծառ տնկել: Ու այդտեղ սկսվեց լուսանկարվելու եւ դրանք ֆեյսբուքով տարածելու պրոցեսը: ԱԺ բոլոր խմբակցություններն իրենց պատկանող լրատվամիջոցների խցիկների առջեւ լուսանկարվեցին, հարցազրույցներ տվեցին ու ներկայացրին, թե ինչու են ծառ տնկում: Այս «ոճի» մեջ էին նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները, որոնք եւս զերծ չմնացին լուսանկարվելուց ու ֆեյսբուքում այդ նկարները տարածելուց: Ուշագրավ էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գործողությունները. վերջինս որոշել էր «Անլռելի զանգակատան» տողերի ներքո ծառատունկ անել. նա ընթերցում էր Պ. Սեւակի ստեղծագործությունը, իսկ Տաճատ Վարդապետյանը, շարունակելով Ֆարմանյանի «գործը», բանավոր արտասանում էր:
Գալուստ Սահակյանն էլ ծառ տնկելուց հայտարարեց. «Երեւում է, չէ, որ կարողանում եմ լավ գործ անել»: ՀՀԿ-ականները գլխով հաստատեցին Գրիգորիչի խոսքը, ջրեցին ծառն ու հեռացան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ԱՆՏԱՐԲԵՐ Է
Երեկ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձեց գյուղնախարար Սերգո Կարապետյանից պարզել՝ արդյոք նա տեղյակ է, որ Սյունիքի մարզի Խդրանց համայնքում հինգ անասուն է անկել` չպատվաստվելու հետեւանքով: Սակայն Հայաստանի գլխավոր գյուղատնտեսը հարցին անտարբերությամբ պատասխանեց՝ հայտարարելով, թե իրենց նախարարությունն այս առումով պարզաբանում տվել է: Բայց ողջ խնդիրն այն է, որ պարզաբանումով մարդկանց ապրուստի աղբյուրը չես վերադարձնի:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ բնապահպանության նախարարությունը Լոռու մարզի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում ստուգումներ է իրականացնում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից պարզել, թե նշված ստուգումների արդյունքում ինչ խախտումներ են արձանագրվել: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ստուգումները դեռեւս ամբողջությամբ չեն ավարտվել, շարունակվում են: Կան որոշակի խախտումներ: «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրենի հետ էլ ենք զրուցել, ով պարտավորություններ է վերցրել, որ առաջիկայում դրանք կկանոնակարգի»: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը այս տարվա փետրվարի 23-ից սկսել է ստուգումներ իրականացնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում` հաշվի առնելով նաեւ բնապահպանների հնչեցրած մտահոգությունները:

 

 

ՓՈՐՁԵԼ Է ԿՆՈՋԸ ԷԼԵԿՏՐԱՀԱՐԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Արարատի մարզի Ղուկասավան համայնքի տներից մեկում ամուսինների միջեւ ծագած վիճաբանությունն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ: Բնակարաններից մեկում ամուսնու` ոմն Հակոբի եւ նրա կնոջ` Վարդերի վեճն այն աստիճանի է թեժացել, որ տղամարդը փորձել է կնոջը էլեկտրահարել: Բարեբախտաբար կինը հաջողացրել է դուրս փախչել եւ ահազանգել ոստիկանություն:

 

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Պարզվում է՝ Քիմ Քարդաշյանն առաջիկա օրերին այցելելու է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի: Երեկ «Ժողովուրդ»-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից փորձեց պարզել, թե ինչպես են նրանք պատրաստվում դիմավորել Քարդաշյան քույրերին: «Մեզ տեղեկացրել են, որ Քիմ Քարդաշյանը Գյումրի կգա ապրիլի 11-ին: Կոնկրետ այդ պահի հետ կապված ծրագիր չունենք: Բնական է, որ պետք է լավ դիմավորենք: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի»,- պատասխանեց Սամվել Բալասանյանը: Հավելենք, որ Գյումրիում արդեն հայտնվել են մարդիկ, ովքեր ասում են, որ Քարդաշյանի բարեկամներն են:




Լրահոս