Վերջին տարիներին հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի ընդհանուր լրատվական դաշտի հասցեին հնչող մեղադրանքների, որ այն դարձել է անորակ, լուրջ խնդիրներն անտեսվում են, կայքերն ընդամենը էժանագին հնարքներով այցելություններ են հավաքում, եւ այսպես շարունակ: Բոլոր այդ գնահատականների եւ քննադատությունների հետ հնարավոր չէ չհամաձայնել, սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երեւույթը հենց այնպես գոյություն չունի, կամ այլ կերպ ասած՝ ինքնուրույն չի ձեւավորվել: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի լրատվական դաշտը հետեւողականորեն անլրջացվում է:
Այսինքն՝ ջրիկությունը եւ ցինիզմը դարձել են Հայաստանի լրատվական դաշտի անքակտելի բաղկացուցիչ մասը: Նույնիսկ այն դեպքերում, երբ իշխանական քարոզչությունը ինչ-որ հարցում չի հասցնում իրավիճակը վերահսկել, ինչպես ասենք, դա տեղի ունեցավ կին ՀՀԿ-ականների՝ Ծիծեռնակաբերդում կազմակերպած խրախճանքի դեպքում, կրկին փրկության օղակը տեղի ունեցածը ջրիկացնելն էր՝ հույսով, որ դրանից հետո ամեն ինչ ինքըստինքյան կհարթվի:
Այս մոտեցումը շատ պարզ բացատրություն ունի` անլրջացնողները, այսինքն՝ իշխանական քարոզչության պատասխանատուները, միայն այդպես կարող են վերահսկել լրատվական դաշտը` ընդհանուր լրահոսում «կյանքի իրավունք» տալով միայն իրենց կողմից արտոնված «լուրջ» թեմաներին: Իհարկե, իշխանական քարոզչության վերահսկողության տակ չգտնվող մի քանի լրատվամիջոցներ` երկու-երեք թերթ եւ նույնքան կայքեր, փորձում են լրատվական դաշտում բազմազանություն ապահովել, բայց նրանց գործունեությունը դարձել է գետի մեջ մի բաժակ ջրի պես:
Իսկ այն, ինչ լրատվական դաշտում վերջին երեք օրերին է կատարվում, կարելի է որակել որպես խրախճանք ժանտախտի ժամանակ: Նշված երեք օրերին Հայաստանի կյանքում առնվազն երեք կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ` արցախյան պատերազմի հերոսը եւ նրա քաղաքական համախոհները հնարած մեղադրանքով ձերբակալվեցին, խորհրդարանի քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ էներգետիկ ոլորտում ինչ-որ մարդիկ տարիներ շարունակ թալանել են բնակչությանը եւ պարբերաբար սակագները չհիմնավորված բարձրացրել, ու վերջին կարեւոր իրադարձությունը` Հայաստան է ժամանում հայտնի, ծագումով հայ հեռուստաաստղ, որն իր գեղեցիկ կազմվածքի շնորհիվ տասնյակ միլիոնավոր տղամարդկանց համար դարձել է երազանք: Սակայն, եթե լրահոսով դատելու լինենք, վերջին երեք օրերին Հայաստանն ապրում է միմիայն հայտնի հայուհու այցելությամբ: Իսկ, ասենք, Ժիրայր Սէֆիլանի եւ նրա ընկերների ձերբակալության փաստը անհետաքրքիր եւ արժեք չունեցող իրադարձություն է: Անհետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Հայաստանի բնակիչները կարող էին, ասենք, 50 դրամով էժան գազ ունենալ, եթե ՀՀ իշխանությունները` ռուսների հետ ձեռք ձեռքի բռնած, չթալանեին մեր բնակչությանը:
Ի դեպ, այս թոհուբոհի մեջ ուշագրավ է հետեւել նաեւ, թե ՄԻԱԿ-ի երիտհանրապետականները, որոնք անմիջական մասնակցություն ունեն լրատվական դաշտի ջրիկացման գործում, ինչպես են փորձում PR տրյուկներով Քիմ Քարդաշյանի հռչակի մեջ «փայ մտնել», մասնավորապես, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որը Հայաստանի հանրությանը հայտնի է միայն նրանով, որ ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կրտսեր եղբայրն է: Նա արդեն երեք տարի է, ինչ պատգամավոր է, բայց անունը, մինչ այս, մամուլում այդքան չէր հիշատակվել, որքան երեկ, երբ նա Քիմ Քարդաշյանի մասին ինչ-ինչ մտքեր էր արտահայտել, հպարտացել, թե Քիմը ցանկացել է իրեն վճարել, որ ճաշի իր հետ: Իշխանական քարոզչության դիրիժորները մի պահ այնքան էին տարվել, որ քիչ էր մնում իրենց ընկերոջը մրցակցության մեջ մտցնեին Քարդաշյանի հետ, որին ի դեպ, նույն կենտրոնից ստացված հրահանգով՝ երբեմն պոռնոաստղ են որակում: Եւ այդքանից հետո առնվազն տարօրինակ էր, որ Քիմ Քարդաշյանը երեկ՝ երեկոյան, համացանցում գրառում արեց, թե ոգեւորությունից չի կարողանում քնել, սակայն «Քարդաշյանի մասնագետ» Լեւոն Մարտիրոսյանը համարձակություն չունեցավ այցելելու քունը կորցրած Քիմին:
Երեկ անմեղսունակ պահվածքով աչքի ընկավ նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը՝ հրապարակավ ցանկություն հայտնելով Քիմին «Ծղոտներ»-ի տեղը ցույց տալ: Հոր քառասունքը չբոլորած դերասանի զեղումներն ու պատգամավոր Մարտիրոսյանի ջրիկությունը վկայում են մեկ իրողության մասին. մեզ կառավարող էլիտայում գավառամիտ անմեղսունակ ծաղրածուների պակաս չկա: Ու քանի որ Քարդաշյան քույրերը դեռ մեկ շաբաթ էլ մնալու են Հայաստանում, դեռ երեւակայել կարելի է, թե երիտհանրապետականներից էլ ով է փորձելու նրա հռչակից «մասնաբաժին պոկել»:
Ի դեպ, Քարդաշյանը բավականին օրինակելի պահվածք դրսեւորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ՝ նրանից ներողություն խնդրելով հայերեն չխոսելու համար: Միաժամանակ խոստացավ հայերեն սովորել: Մինչդեռ ՀՀ Կառավարությունում ու ԱԺ-ում գերակշիռ մեծամասնությունը ոչ միայն օտար լեզու, այլեւ նորմալ հայերեն չգիտի: Եւ այս ֆոնին Քիմը բարձրամակարդակ պահվածք դրսեւորեց՝ հագուկապից սկսած՝ ողջ աշխարհի ուշադրությունն իր այցով սեւեռելով մեր փոքր երկրի եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՉ ԲՈԼՈՐԻՆ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ
Ինչպես հայտնի է՝ մարտին 16-ից 19-ը Հայաստանում տեղի ունեցավ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը: Այդ օրերին ԱԺ աշխատակազմը, պարզվում է, աշխատել է լարված ռեժիմով` առանց հանգստի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ լավ աշխատանքի համար աշխատակիցները կպարգեւատրվեն որոշակի գումարով: Սակայն Հ. Թովմասյանը որոշել է ոչ թե բոլորին պարգեւատրել, այլ աշխատակիցների մի մասին: Արդյունքում ԱԺ աշխատակիցների շրջանում դժգոհություններ են առաջացել: «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե ինչ սկզբունքով է Հ. Թովմասյանը ընտրել, թե ում պետք է պարգեւատրի: «Պարգեւատրումը խրախուսանքի միջոց է, որը կատարվում է ցուցաբերված լավ աշխատանքի դիմաց: Օրենսդրության համաձայն՝ պարգեւատրումները կատարվում են այն ժամանակ, երբ պարգեւատրվողն իր աշխատանքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն»,- պատասխանեց Բաբայանը:
ՓՈԽԻՐ ԱԶԳԱՆՈՒՆԴ
Երեկ խորհրդարանում էլի խինդ ու ծիծաղ բռնկվեց, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում էր արտաբերել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ազգանունը: Էնֆիաջյան արտաբերելու փոխարեն նա կրկին ասաց «Էնֆիջյան», որից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել: Սահակյանը մի պահ դադար վեցրեց՝ զարմանալով, թե «Էլի՞ սխալ ասեցի», որից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կողքից հուշեց «Էնֆիաջյան»: «Էն-ֆի-աջ-յան»,- վանկարկեց Գ. Սահակյանը: Այնուհետեւ ավելացրեց. «Ես, գիտեք, մի առաջարկություն եմ անելու: Սովորաբար մեր ժողովուրդն անուններից է խոսում, մանավանդ նորածինների, կարծում եմ, որ բոլորս ինչ-որ մի պահի մեր ազգանունները պետք է հայերեն դարձնենք»: Երեկ ԱԺ-ում անեկդոտ էր շրջում՝ մեկը մյուսին առաջարկում է՝ կամ խոստովանի, որ հարբած ես, կամ ասա Էնֆիաջյան: Դիմացինը պատասխանում է՝ ես խմած եմ:
ՀՀԿ-Ն «ՕՋԱԽ»-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները երեկ որոշել էին քառօրյայի ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հրավիրել «Օջախ» ռեստորան` այնտեղ նրա ծննդյան օրը նշելու համար: Հիշեցնենք, որ Գ. Սահակյանը ապրիլի 8-ին դարձավ 67 տարեկան, բայց քանի որ այդ օրը խորհրդարանում քառօրյա նիստեր էին, եւ օրն էլ մի փոքր ծանրաբեռնված էր անցել, ՀՀԿ-ականները որոշել են մեկ օր սպասել եւ քառօրյան ավարտելուց հետո նոր գնալ ուտել-խմելու: Մեր տեղեկություններով՝ Գ. Սահակյանի ծննդյան կապակցությամբ կազմակերպված կերուխումին մասնակցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները եւ նախարարների մեծ մասը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵ՞ԿՆ Է
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների հարցը չի ձգձգվում, ուղղակի քննարկումների փուլ է, եւ փոփոխություններն անպայման լինելու են: «Կարծում եմ՝ սահմանադրության հանրաքվեն կլինի կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը»,- ասել է Սահակյանը: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, որ պետական պարտքը մեծ չափերի է հասնում, եւ Հայաստանն աղքատանում է, Սահակյանը նշել է. «Ազատ խոսքն այնպիսի վիճակում է դրական իմաստով, որ ցանկացածն իր կարծիքն ասում է»:
ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Armlur.am-ի տեղեկացմամբ` Քարդաշյան քույրերի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` երեկ 15:00-ին սկսված եւ 30 րոպե տեւած հանդիպումն ընթացել է բավականին ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Կառավարության մի շարք աշխատակիցներ: armlur.am-ի տեղեկություններով` «հանդիպումը կայացել է հենց Քիմ Քարդաշյանի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Զարգացման հայկական գործակալությունը»: Հանդիպման ընթացքում Կառավարության մի խումբ աշխատակիցներ ամերիկահայ աստղին խնդրել են ինքնանկար` սելֆի անել իրենց հետ: Քիմը որեւէ մեկի խնդրանքը չի մերժել: armlur.am-ի թղթակիցը նկատել է, որ Կառավարությունից դուրս գալիս Քիմ Քարդաշյանի կրծքին անմոռուկ էր փակցված, իսկ ձեռքին կար Կառավարության տարբերանշանով նոթատետր եւ գրիչ` թերեւս, որպես հուշանվեր:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՓԱԽԵԼ Է
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, այդպես էլ չտեղավորվելով Սարանսկի իր բնակարանում, լքել է Ռուսաստանը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է գրող-երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը: «Ժերար Դեպարդյեն, այդպես էլ չտեղավորվելով Սարանսկի իր բնակարանում, փախել է Բելգիա: Հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանում իր կարճաժամկետ կացությունը եւս մեկ անգամ իրեն համոզեց, որ ինքը ֆրանսիացի է: Ասեմ, որ նրանից երկար ժամանակ է պահանջվել դա հասկանալու համար»,- գրել է Շենդերովիչը: Երգիծաբանը հույս է հայտնել, որ ֆրանսիացի մեծն դերասանի կյանքում այդ շրջադարձի մասին ռուսական հեռուստաալիքները կպատմեն նույնքան մանրամասն, որքան ՌԴ՝ Դեպարդյեի այցի մասին:
ԷԼԻ ՆՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿԸ
«Այսօր տարածաշրջանի ամենացավոտ թեման Լեռնային Ղարաբաղն է: Ռուսաստանը ոչ մի հիմնավորում չունի ուժով միջամտել հակամարտությանը, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածության դեպքում Ռուսաստանը կկարողանա խաղաղարար զորք մտցնել, որպեսզի բացառի արնահեղությունը»,- հայտարարել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին` զգուշացնելով, որ առանց Ռուսաստանի Հայաստանը միայնակ կմնա Իրանի ու Թուրքիայի դիմաց:
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի եւ Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ: Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցությունը: