Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցը չի հետաքրքրում որոշ նախարարների: Թեեւ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՄԻՊ-ը հրապարակել է 2014 թվականի տարեկան զեկույցը, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որոշ նախարարներ նշեցին, թե ծանոթ չեն զեկույցին:
Հիշեցնենք, որ ՄԻՊ 2014 տարեկան զեկույցը հրապարակվել էր ապրիլի 3-ին եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ նախարարներից հետաքրքրվել, թե ինչ տեսակետ ունեն իրենք զեկույցի մասին:
Եվ այսպես՝ ըստ ՄԻՊ զեկույցի՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում առկա թերություններից մեկը վերաբերում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքին, որտեղ առկա են մի շարք բացթողումներ ու թերություններ, որոնք հակասում են Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ խոչընդոտում շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությանը: Ավելին՝ ՄԻՊ-ը արձանագրել է, որ առանց իրավաչափ հիմնավորման շուրջ 2 տարի ձգձգվել է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական տեսչական ստուգումների անցկացումը, ինչով խախտվել է քաղաքացիների՝ պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Նախարարությունն իր իրավասության շրջանակներում չի ձեռնարկել բնապահպանության ոլորտում խախտումների կանխարգելման արդյունավետ միջոցներ, ինչպես նաեւ չի իրականացրել անհրաժեշտ քանակությամբ բնապահպանական տեսչական ստուգումներ` բացահայտելու եւ կանխելու հնարավոր խախտումները: Այս եւ այլ իրավախախտումների թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, Մարդու իրավունքների պաշտպանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հրապարակել է Ձեր ղեկավարած կառույցում 2014թ առկա թերությունները: Ուսումնասիրե՞լ եք զեկույցը:
-Ճիշտն ասած՝ չեմ ծանոթացել, կծանոթանամ, կասեմ:
-Արդեն մեկ շաբաթ է անցել, ի՞նչն էր խանգարում ծանոթանալ զեկույցի մանրամասներին, թե՞ Դուք այդքան էլ լուրջ չեք վերաբերվում զեկույցին:
-Չէ, ժամանակի առումով չեմ հասցրել ծանոթանալ:
-Ըստ ՄԻՊ զեկույցի՝ մի շարք բացթողումներ ու թերություններ կան Ձեր գործունեության մեջ, որոնք հակասում են Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ խոչընդոտում շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Յուրաքանչյուր մարդ պետք է իր պրոֆեսիոնալ գործով զբաղվի: Ես կառաջարկեի շրջակա միջավայրի հետ կապված, եթե կան որոշակի խնդիրներ, ապա լավ կլիներ, որ առաջնահերթ մեզ տեղեկացնեին, թե դրանք որ խնդիրներն են: Մենք փորձում ենք հնարավորինս պրոֆեսիոնալ մոտեցումներ ցուցաբերել, իսկ եթե այդ որոշ մարդկանց դուր է գալիս կամ դուր չի գալիս, դա երկրոդական կարծիք է:
-Այսինքն՝ Դուք համամի՞տ չեք ՄԻՊ այս տեսակետի հետ: Մինչդեռ զեկույցում մանրամասն ներկայացված է իրավախախտումների մասին:
-Բացարձակ որեւէ վիճաբանության առիթ չկա, ամեն մարդ ներկայացնում է իր կարծիքը, Դուք ունեք Ձեր կարծիքը, պաշտպանն ունի իր կարծիքը, եւ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքը, եւ ես հարգում եմ բոլորի կարծիքը: Մենք խոսում ենք պրոֆեսիոնալիզմից, եւ ես կրկնում եմ՝ յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր խնդիրները եւ իր առջեւ դրված պարտականությունները եւ այդ խնդիրներն ու պարտականությունները կատարում է: Դրա գնահատականը տալիս է միայն ժողովուրդը եւ ՀՀ Կառավարությունը:
-Իսկ ուր մնաց Մարդու իրավունքների պաշտպանը:
-Նա իր գործն է կատարում, թող կատարի մենք որեւ խնդիր չունենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված:
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյան
-Պարո՛ն Շահինյան, ՄԻՊ զեկույցին ծանո՞թ եք: Ձեր ղեկավարած կառույցում բավականին ուշագրավ խախտումներ է հայտնաբերել օմբուդսմենը: Մասնավորապես, ՀՔԾ-ի կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների եւ այլ դաժան, իրավախախտումների մի շարք դեպքերով: Ծառայության կողմից չի ապահովվել հանրային հնչեղություն եւ կարեւորություն ունեցող Մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով հրապարակայնությունը, միաժամանակ կասկածահարույց է այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը:
-Չեմ ծանոթացել
-Ինչո՞ւ, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե Ձեր ղեկավարած կառույցում ինչ խնդիրներ կան:
-Անշուշտ կծանոթանամ:
Շտապ նստելով մեքենան՝ հեռացավ (Ք.Մ):
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան
-Պարո՛ն Բեգլարյան, ծանոթացե՞լ եք ՄԻՊ զեկույցին:
-Այո՛, անշուշտ ուսումնասիրել ենք:
-Կիսո՞ւմ եք այն իրավախախտումները, որը հայտանաբերել է ՄԻՊ-ը: Օրինակ՝ հանրությունը պատշաճ չի իրազեկվել միջհամայնքային հանրային տրանսպորտի չվացուցակների վերաբերյալ, բողոքներ են եղել չվացուցակների կարգից հաճախակի շեղումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ շարունակում են անբարեկարգ վիճակում գտնվել ներհամայնքային եւ մարզային նշանակության մի շարք ճանապարհներ: Ձեր հրամանով ստեղծված փոստային կապի ծառայություն իրականացնող կազմակերպությունը մի շարք դեպքերում չի ծանուցել քաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ, ինչի արդյունքում խախտվել են քաղաքացիների իրավունքները:
-Մենք ընդհանրապես յուրաքանչյուր թերությունների ուղղությամբ աշխատում ենք: Եւ ամեն տարի մեր աշխատանքը քչանում ու վերանում է: Այսքանը:
Ի դեպ, ՄԻՊ-ը իր՝ 2014թ զեկույցում չի անդրադարձել արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունների գործունեությանը: ՄԻՊ գրասենյակից մեզ պարզաբանեցին, որ դիմում-բողոքներ այս գերատեսչությունների գործունեության մասով չեն եղել: Զարմանալի է՝ 2014թ ընթացքում լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել էին, որ արտաքին գործերի նախարարությունը որեւէ կերպ չի արձագանքում լրատվամիջոցների բարձրացրած հարցերին, ավելին՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երբեւէ չի պատասխանում լրատվամիջոցների հարցերին: Իսկ, ահա, 2014թ ընթացքում արձանագրեցինք, թե սիրիահայերի նկատմամբ ինչ բռնության դեպքեր գրանցվեցին, եւ ինչպես էին սիրիահայերը բարձրաձայնում իրենց ոտնահարված իրավունքների մասին: Ուստի այս պայմաններում զարմանալի է, որ օմբուդսմենն այստեղ խնդիր չի նկատել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Երեկ, մինչ հանրությունը զբաղված էր հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի հայաստանյան այցով, ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա էր. որոշվում էր «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա թիմակիցների ճակատագիրը:
Դիմակավորված հատուկ ջոկատայինները ՀՀ քննչական կոմիտե էին բերել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին եւ Գեւորգ Սաֆարյանին: Նրանք ձերբակալվել էին երկու օր առաջ՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Ի դեպ, ապրիլի 7-ի երեկոյան ձերբակալվել էր նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը: Նրան երեկ քննչական կոմիտե չէին բերել: Նա էլ մեղադրվում է անօրինական զենք-զինամթերք պահելու մեջ: Ու մինչ քննչական կոմիտեի ներսում հարցաքննում էին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին, մի խումբ քաղաքացիներ քննչական կոմիտեի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում անարդար ձերբակալության դեմ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին, Պավել Մանուկյանին եւ Գարեգին Չուքասզյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստումը: Միջնորդություն ներկայացվեց դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց 2-ամսյա կալանք սահմանել:
Տեղեկացնենք, որ մինչ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալումը, նրանց բնակարաններում խուզարկություն էր իրականացվել, եւ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության եւ ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավել մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք եւ նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաեւ՝ կապի միջոցներ, հակագազ եւ օդազտիչ դիմակ:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ իշխանությունները, ինչպես եւ խոստացել էին, կալանավորեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին՝ ապրիլի 24-ի հնարավոր խժդժությունները բացառելու համար: Սակայն, ինչպես հայտարարել էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը, ապրիլի 24-ի հանրահավաքը կայանալու է՝ անկախ իշխանությունների ձերբակալություններից:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
«Ազատամարտիկների դաշինքի» վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: «Համաձայն չլինելով ապրիլի 24-ին քաղաքական ակցիաներ կազմակերպելու՝ «Հիմնադիր խորհրդարանի» մարտավարությանը՝ «Ազատամարտիկների դաշինքը», այնուամենայնիվ, համարում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների վերաբերյալ իշխանության պատճառաբանություններն անհամոզիչ են: «Ազատամարտիկների դաշինքը» միշտ դատապարտել է երկրում տեղի ունեցող անօրինական ձերբակալությունները, առավել եւս, երբ նման բռնությունների թիրախ են դառնում Արցախյան ազատամարտի մասնակիցները»,- մասնավորապես ասված է հայտարարությունում: