ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ aravot.am-ի

Երեկ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում անցկացրել են երիտասարդական-ուսանողական ցույց: Երիտասարդները Գերմանիայի դեսպանին ցանկանում էին հանձնել իրենց նամակ-պահանջագիրը՝ հետեւյալ գրառումներով. «Պահանջում ենք Բունդեսթագից ընդունել օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը Գերմանիայում: Ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը եւ ձեռնարկի ամբողջական հատուցման քայլեր»: Դեսպանն այդպես էլ չի արձագանքել դաշնակցական երիտասարդներին:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ 2015թ. ամբողջությամբ կլուծվի մայրաքաղաքային 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերաբնակեցումը: Վերաբնակեցվող վթարայիններից մեկն էլ Աջափնյակ համայնքում գտնվող քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային, Սիսակյան փ. 3հ. շենքն է, որի բնակիչն է նաեւ մեզ դիմող քաղաքացին, ով վերջերս ներկայացել է քաղաքապետարան եւ տեղեկացրել, որ ինքը ցանկանում է վերաբնակեցվել Շինարարների փ. 15 շենք: Սակայն նրան անհիմն մերժել են՝ պատասխանելով, որ ինքը չի կարող այդ շենքում վերաբնակեցվել: Ինչո՞ւ եւ ի՞նչ իրավական հիմքով չի կարող վերաբնակեցվել, երբ շենքը կառուցվում է պետական միջոցների հաշվին ու մասնավոր սեփականություն չէ:

Կարինե Մովսիսյան (46 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2015 թ. ապրիլի 1-ի դրությամբ շենքերի տեխնիկական վիճակի մասին տրված մասնագիտական եզրակացությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանում հաշվառված են քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարայնության թվով 4 հանրակացարանային (Սիսակյան փող.հ.3, Նոր Արեշի 35-րդ փող.127/1, Արցախի պողոտայի 4-րդ նրբ. հ.10 եւ 10/2) եւ թվով 5 բազմաբնակարանային (Հալաբյան փող. հ.3 շենքի 3-րդ եւ 4-րդ մուտքերը, Շինարարների փող. հ.35 շենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մուտքեր: Տիգրան Մեծի 47, Բրյուսովի 66, Բաղրամյան պող. 4-րդ նրբ. հ.15) շենքերը, որոնցում բնակվող շուրջ 500 ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքով ապահովումը հրատապ լուծում է պահանջում:
Այդ նպատակով Երեւանի քանդման ենթակա վթարային բազմաբնակարանային եւ հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին Երեւան համայնքի սեփականությունը համարվող բնակարաններ վերաբնակեցնելու աշխատանքները իրականացնելու լիազորությունները վերապահված են Երեւանի քաղաքապետի 20.12.2012թ. հ.7937-Ա ստեղծված հանձնաժողովին: Այդ Հանձնաժողովի առաջարկությամբ է Սիսակյան փող. հ.3 հանրակացարանային շենքի 25 ընտանիքների 2013 թ. տարեվերջին 1-ին փուլով հատկացվել բնակարաններ: Հանձնաժողովը նրանց վերաբնակեցման գործընթացը կազմակերպել է շենքի բոլոր բնակիչների հետ անցկացրած բազմաթիվ հրապարակային քննարկումների արդյունքում, եւ Հանձնաժողովի այդ մոտեցումը, միատեսակ սկզբունքների կիրառումն ու պահպանումը ենթակա չէ փոփոխման շենքի մնացած կացարանները փաստացի տնօրինող ընտանիքների ամբողջական վերաբնակեցման գործընթացը մեկ փուլով 2015թ.-ի 2-րդ կիսամյակում իրականացնելիս:
Շարունակելի…

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ 2015թ. վերջին ծրագիրը հաջողությամբ կհասցվի ավարտին, եւ գալիք տարի առավել շատ վթարային շենքերի բնակիչներ հնարավորություն կունենան անվտանգ բնակարաններ ստանալ:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Վերջերս դրամի փոխարժեքի հետ կապված բազմաթիվ վայրիվերումներ են նկատվում արժութային շուկայում: Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս է հրապարակվում արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը ՀՀ ԿԲ կողմից:

Մարիամ Առաքելյան (32 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար եւ ըստ ցանկության՝ կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հրապարակվում է՝ համաձայն նախորդ օրը արտարժութային շուկայում ձեւավորված միջին կշռված փոխարժեքների` ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հաշվարկվում է ԱՄՆ դոլար/այլ արժույթներ խաչաձեւ փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձեւավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարեվերջին արժութային շուկայում տեղի ունեցած տատանումներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության վրա, որի հետեւանքով հիմնական սպառման ապրանքների մեծ մասը զգալիորեն թանկացավ՝ սննդամթերքը` գրեթե 10%, դեղորայքը` 10-20%:




Լրահոս