Երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»:
Գրող, մշակութաբան Վարդան Ջալոյանի կարծիքով` կաթոլիկ եկեղեցին վերջին ժամանակներում որոշակի վերաբերմունք է որդեգրել նման խնդիրների նկատմամբ` լինի բռնի կրոնափոխություն, թե` ուրիշ տեսակի բռնություն:
«Պետք չէ նաև մոռանալ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ»: Կարծում եմ` այս ամենը պետք է հասկանալ Վատիկանի` վերջին 50 տարվա գաղափարախոսության լույսի տակ: Հռոմի պապն ունի որոշակի մոտեցում թե´ սոցիալական հարցերին, թե´ քաղաքական: Սա գալիս է սկզբունքներից: Հռոմի պապի համար անհրաժեշտություն էր դա անելը, ինչպես Նարեկացուն պատվելը»,- ասաց Ջալոյանը:
Վերջինիս խոսքով` Վատիկանը միշտ էլ փորձում է կարևոր տեղ տալ մեր մշակույթին: «Սա դրական կետ տվեց Վատիկանին, քանի որ ամբողջ ախարհը տեսավ, որ Վատիկանը սկզբունքային է իր դիրքորոշման մեջ»,- նկատեց Ջալոյանը:
Իսկ Թուրքիայի ժխտողական քաղաքականության հետ կապված` մշակութաբանը տեսակետ հայտնեց, որ դա բնական է, քանի որ մեղադրանքները շատ լուրջ են: «Ուզում եմ մի բան ասել: Բոլոր պետությունների մեջ ազգայնականություն կա, որը լինում է ագրեսիվ: Խնդիրն այն է, որ ցեղասպանությունը նշանակում է ոչ թե ազգայնականություն, այլ` ֆաշիստական, ռասիստական գաղափարներ, ինչը լուրջ խնդրի առջև է կանգնեցնում Թուրքիային»,- եզրափակեց գրող Վարդան Ջալոյանը: