Արդեն տևական ժամանակ է` Դիլիջան քաղաքում խմելու ջրի անորակ լինելու պատճառով լարված իրավիճակ է: Armlur.am-ի խմբագրություն ահազանգած Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը հայտնեց, որ վերջին օրերին Դիլիջանում խմելու ջրի ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում. «Այս երևույթը նորույթ չէ դիլիջանցիների համար: Նրանք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն՝ անօգուտ: Հերթական անգամ դիլիջանցիները չեն ցանկանում հանդուրժել նման անբարեխիղճ վերաբերմունքն իրենց և քաղաքի հյուրերի նկատմամբ»:
Դիլիջանի հանրության խնդրանքով` Օրհուս կենտրոնը նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավարությանը:
Նամակում մասնավորապես ասված է, որ խմելու ջրի որակի անկման պարբերական դարձած այս երևույթն ազդում է համայնքի բնակչության, ինչպես նաև` հազարավոր զբոսաշրջիկների առողջության վրա, խալխլում է համայնքային անվտանգությունը: Խմելու որակյալ ջուրը ներկա ու ապագա սերունդների առողջության նախապայման համարելով՝ դիլիջանցիները պահանջում են պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին կատարել իր պարտականություններն ըստ արտոնագրի, վերանայել Դիլիջան համայնքի ջրամատակարարման համար գոյացող վարձավճարի չափը, պարտավորեցնել պատասխանատուներին կազմակերպել բնակչության առողջության համապարփակ հետազոտություներ, պարտավորեցնել պատասխանատուներին փոխհատուցում տրամադրել բաժանորդներին պատճառված անհարմարության և վնասների համար:
Լուսանկարը տրամադրել է Ալբերտ Հարոյանը, ով հայտնեց, որ այն արվել է իր բնակարանում: