Միքայել Նարիմանյանը` կանխարգելիչ բժշկության և ՀՀ-ում դրա զարգացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժ/պ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը Հայաստանում կանխարգելիչ բժշկության և առողջության մասին գիտության (Health Science) ջատագովներից մեկն է: Հենց այս կարևոր հարցերի շուրջ էլ որոշեցինք զրուցել նրա հետ:

– Պարո՛ն Նարիմանյան, 2013թ.-ին Կոպենհագենում Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նախարարական մակարդակով անցկացվող համագումարի ընթացքում մասնակից երկրների միջև ստորագրվեց «Առողջություն 2020» հռչակագիրը, որն առողջապահական ոլորտի համար նոր մարտահրավեր էր, այն է՝ ազգաբնակչության առողջության պահպանումը, և այդ հռչակագիրը, ըստ էության, նաև դնում էր ծրագրային նոր պահանջներ բժշկական բուհերի առջև: Երևանի պետական բժշկական համալսարանը բժիշկներ պատրաստող առաջատար բուհ է. որքանո՞վ է ձեր ղեկավարած ուսումնական հաստատությունն այսօր համապատասխանում դրված պահանջներին: Ձեր ուսանողներին տրվում են արդյո՞ք գիտելիքներ առողջության վերաբերյալ:

– 2013թ.-ին, այո, Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նախարարական մակարդակով անցկացվող համագումարի ընթացքում ստորագրվեց «Առողջություն 2020» հռչակագիրը, որով առողջապահական, ինչպես նաև կրթական ոլորտի մեր ուղղությունը կանգնեց ձեր նշած խնդրի առջև: Մենք ուսումնասիրեցինք մեր ծրագրերը, և ստացանք մեզ հուզող հարցի պատասխանը՝ այո, մեր ուսանողներին դասավանդվում են առարկաներ, գիտություններ առողջության մասին: Բարձրագույն բժշկական կրթության նախադիպլոմային փուլում մենք դասավանդում ենք «Նորմալ անատոմիա», «Նորմալ ֆիզիոլոգիա», «Կենսաքիմիա», «Հյուսվածաբանություն», «Իմունոլոգիա», «Հոգեբանություն» առարկաները, որոնք միանշանակ հագեցնում են ուսանողներին առողջ օրգանիզմի կառուցվածքի, ֆունկցիայի, ինչպես նաև առողջության լաբորատոր և հոգեֆիզիկական ցուցանիշների, առողջության պատճառագիտության հետ կապված գիտելիքներով: «Պատճառագիտություն» («этиология») տերմինն առողջությունը բնութագրելու համար առաջին անգամ օգտագործվել է ռուս մեծ ախտաբան Ի. Դավիդովսկու կողմից, ով «Հիգիենան» բնութագրել է որպես «գիտություն առողջության պատճառագիտության մասին»: Այսպիսով, մեզ մոտ առաջնահերթվում է այն գիտելիքների և ունակությունների ուսուցումը, որոնք կապված են թե առողջության մասին գիտության, և թե առողջության պահպանման հետ:

– Որքանո՞վ է կարևոր կանխարգելումը առողջության պահպանման գործում:

Շատ կարևոր է: Այստեղ ուզում եմ ընդգծել գիտության և մատուցվող ծառայության տարբերությունը: Այսպես՝ բժիշկն աշխատում է առկա խնդրի հետ, քանի որ մարդը դիմում է նրան արդեն իսկ ձևավորված առողջության հետ կապված խնդրով, իսկ հետազոտողը պետք է փնտրի այդ խնդրի ակունքները առողջ մարդկանց մեջ: Օրինակ բերեմ իմ մասնագիտական պրակտիկայից. ինձ դիմում են մարդիկ, ում մոտ առկա է քրոնիկական բրոնխիտ, ասթմա, թոքաբորոբ, թոք-սրտային անբավարարություն: Նրանցից յուրաքանչյուրի համար առանձին ախտորոշում կա: Բայց չէ՞ որ այդ հիվանդությունները մարդկանց մոտ ձևավորվել են ժամանակի ընթացքում և ինչ-ինչ պայմաններում, ասենք՝ ծխելու արդյունքում:

Մինչև հիվանդության ձևավորումը մարդը չի ունեցել բրոնխիտ, այլ եղել է պարզապես ծխելու սովորություն ունեցող մարդ: Եվ հենց այստեղ է, որ ուրվագծվում են կանխարգելման սահմանները. ծխող մարդու մոտիվացիան, ծխել սկսելու և նմանատիպ վնասակար սովորությունը պահպանելու պայմանների և այլ հանգամանքների ուսումնասիրությամբ էլ հենց պետք է զբաղվի կանխարգելիչ բժշկությունը: Այն չպետք է սահմանափակվի միայն չծխելու, չխմելու, ավելորդ քաշ չունենալու, ֆիզիկապես ակտիվ լինելու վերաբերյալ պնդումներով: Չէ՞ որ երբեմն հիվանդությունն ի հայտ է գալիս բացարձակապես առողջ, վնասակար ոչ մի սովորություն չունեցող և առողջ ապրելակերպ վարող մարդկանց մոտ: Այստեղ կարող են լինել այլ պատճառներ, օրինակ՝ ժառանգականությունը կամ այն մասնագիտական գործունեությունը, որով մարդը զբաղվում է: Հետևաբար, բժիշկը պետք է ծանոթանա իր պացիենտի ապրելակերպին, գենոտիպին, և առավել ևս՝ մեծ ուշադրություն դարձնի ֆենոտիպին, պարզի, թե ինչպես է կյանքն իր գործոններով ազդում մարդու գենոտիպի վրա: Եվ այս կարևորագույն գործում պետք է ներգրավված լինեն տարբեր մասնագիտացման բժիշկներ, քանի որ կանխարգելումը պետք է իրականացվի տարբեր հետազոտությունների հիման վրա: Այսպիսով, առողջության մասին գիտությունը (Health Science) պետք է համախմբի այն մասնագետներին, ովքեր նույն խնդրին մոտենում են տարբեր տեսանկյուններից՝ պահպանելով միջմասնագիտական հաղորդակցություն: Սա նոր երևույթ է, և դեռ պետք է ձևավորվի:

– Պարոն Նարիմանյան, կանխարգելիչ բժշկությունը հաճախ նույնացնում են պրոֆիլակտիկ բժշկության հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

Կանխարգելիչ բժշկությունը և պրոֆիլակտիկ բժշկությունը, փաստորեն, կարելի է ասել՝ նույն երևույթներն են: Ո՞րն է տարբերությունը: Պրոֆիլակտիկա՝ նշանակում է անել ամեն ինչ, որպեսզի չլինի այն, ինչ չենք ուզում, որ լինի: Սակայն ես ուզում եմ տարբերակում մտցնել: Կա կարծիք, որ կանխարգելիչ բժշկությունը կանխում է հիվանդության զարգացումը: Սակայն իմ և շատ այլ մասնագետների կարծիքով՝ կանխարգելումը պետք է լինի ամբողջ կյանքի ընթացքում, անգամ քրոնիկ հիվանդություն ունեցողների և ծանր վիճակում գտնվողների մոտ: Այստեղ էլ ենք կանխարգելում այն, ինչ չենք ուզում լինի՝ հիվանդության սրացում, բարդությունների առաջացում, ինչպես նաև՝ մահվան ելք:

Այստեղ խոսքը երկրորդային կանխարգելման մասին է. կանխարգելվում է ոչ միայն հիվանդության զարգացումը, այլև բոլոր այն անցանկալի երևույթների ի հայտ գալը, որոնք կապված են տվյալ հիվանդության հետ, և դրանք կարող են առաջանալ, եթե չլինեն կանխարգելիչ համապատասխան միջոցառումները: Դրա համար պետք է տարբերակել կլինիկական կանխարգելիչ բժշկությունը, որովհետև կլինիկական կանխարգելիչ բժշկությունն իրականացնում է բժիշկն իր գործունեությամբ: Վերջինս, բուժելով հիվանդին և ապահովելով նրա ապաքինումը, վերադարձը ակտիվ, որակյալ կյանքին, միաժամանակ կանխարգելում է այդ պացիենտի մոտ հիվանդությունների բարդությունների, սրացումների զարգացումը կամ իսպառ վերացնում է այդ հիվանդությունը, այսինքն՝ առողջացնում է պացիենտին:

– Եվ վերջում՝ ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է հնարավոր կանխարգելիչ բժշկության և առողջության մասին գիտության զարգացումը Հայաստանում:

– Կարծում եմ, որ այս հարցում մեր երկիրը ոչնչով չի տարբերվում այլ երկրներից, որովհետև յուրաքանչյուր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ շատ լավ գիտակցում է, որ ավելի հեշտ, ճիշտ և արդյունավետ է հիվանդությունը կանխարգելել, քան այն բուժել: Եվ խոսքը ոչ միայն հիվանդությունների կանխարգելման մասին է, այլև այնպիսի իրավիճակների, որոնք կարող են վտանգել մարդու կյանքը, իջեցնել կյանքի որակը: Օրինակ՝ կենցաղային տրավման տարեցների մոտ, որը կարող է ունենալ շատ բարդ և ճակատագրական հետևանքներ:

Այսպիսով, խոսքը լայնածավալ կանխարգելման մասին է, այսինքն՝ կանխարգելիչ բժշկությունը պետք է հենվի հիմնականում գիտության տվյալների վրա, իսկ գիտությունը պետք է լինի առողջության մասին, և բարձրագույն բժշկական կրթությունն էլ պետք է համապատասխանի այս պահանջին:




Լրահոս