Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանում մեծաթիվ հյուրեր` տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ, բազմաթիվ սփյուռքահայեր։
Աշխատանքներ են տարվում այդ օրերին և հատկապես նախատեսվող բազմամարդ միջոցառումների ժամանակ բժշկական օգնությունը և սպասարկումը բարձր մակարդակով և արագ կազմակերպելու համար։ Գործընթացը կկարգավորվի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններ սահմանելու մասին» հրամանով։
Այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաև նախարարությունում, որտեղից կհամակարգվեն բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները, բազմամարդ յուրաքանչյուր միջոցառումներից հետո կամփոփվեն իրականացված աշխատանքները։ Կուժեղացվի թեժ գծի ծառայությունը։ Գործող (+374 10) 52-88-72 հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։ Անհրաժեշտության դեպքում զանգերին կպատասխանեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ աշխատանքներն այդ օրերին այնպես են համակարգվելու, որ թե՛ բազմամարդ միջոցառումների ընթացքում հերթապահություններ ապահովվեն և թե՛ չտուժի բնակչության բժշկական սպասարկումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններում կընդգրկվեն նաև Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունները։
Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկականերում կապահովվեն ընդհանուր պրակտիկայի բժշկի, վիրաբույժի, ռետնգենաբանի և լաբորատոր ծառայության բժշկի հերթապահություններ:
Նախարարի հրամանով այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևանում գործող հիվանդանոցներում։
«Բարձր պատրաստվածության, որոշակի մասնագետներով հերթապահությունների, անհրաժեշտ դեղերով, պարագաներով ապահովվածության և կազմակերպական հարցերը չորեքշաբթի օրը կքննարկենք այս հիվանդանոցների տնօրենների հետ»,-նշեց նախարարը` կարևորելով նշված օրերին բաժանմունքներում ազատ մահճակալների առկայությունը, լաբորատոր-գործիքային ծառայությունների շուրջօրյա ապահովումը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով փոխնախարարներին տրվեցին առանձին ծառայությունների համակարգման հանձնարարականներ։