Հոկտեմբերի 14-ի “Էրեբունի-Երեւան” տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձեւավորման եւ լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները:
Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի “Էրեբունի-Երեւան” տոնակատարությունների շրջանակում Երեւան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ: Այդ օրերին Երեւանը կհյուրընկալի շուրջ 13 երկրների ավելի քան 100 պատվիրակների, այդ թվում մի շարք քաղաքապետերի:
Տոնակատարություններին ընադառաջ քաղաքապետը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:
“Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները եւ քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաեւ մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի նաեւ անհրաժեշտ պարագաներով”,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման, ինչպես նաեւ փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Ընթացող աշխատանքներին զուգահեռ վերականգնված է նաեւ 2000 գծամետր մայթեզրյա հատված:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն