Հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել բանակցային գործընթացին. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԽԽՎ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի աշխատանքներում իր ակտիվ ներգրավվածությունը։Երկուստեք կարևորվեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող քայլերը:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի դերակատարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարությանը միացել են վեհաժողովի շուրջ 150 անդամներ։Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը ՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Նախարարի խոսքերով` հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ընդհանրապես բանակցային գործընթացին։

«Սա վերաբերում է հատկապես այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։




Լրահոս