“Երեք տարեկան երեխա եմ եղել՝ մայրս մահացել է, ու այդ օրվանից մանկատան պատերի մեջ է անցել կյանքս: Օգնե՛ք ինձ՝ միակ երազանքս իրականացնել, ու էլ ոչինչ ինձ այս կյանքում պետք չէ”,-“Ժողովուրդ”-ին այս անգամ իր պատմությունը ներկայացրեց 86-ամյա Եփրատցի Հարությունյանը, որն իր 24-ամյա թոռնիկի` Հակոբի հետ ծաղիկ է վաճառում օրվա ապրուստը հոգալու համար:
Մեր զրուցակցին հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում: Տատ ու թոռ գրեթե ամեն օր՝ կեսօրից հետո, գալիս են Հյուսիսային պողոտա: Մինչ Եփրատցի տատը փորձում էր երիտասարդներին համոզել, որ վարդեր գնեն, Հակոբը մեզ հետ կիսվեց իր երազանքներով:
“Շատ եմ ուզում դիզայներ դառնալ, բայց չեմ կարող, որովհետեւ օգնում եմ տատիկիս, նրա աչքերը լավ չեն տեսնում”,-տխուր ասաց Հակոբը: Եփրատցի տատիկն իր հիվանդ դստեր ու նրա երեք երեխաների հետ ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ընտանիքում ոչ ոք չի աշխատում, եւ ստիպված բոլորի հոգսերը հոգալու համար ինքն այս աշխատանքն է ընտրել: “Վարդերի հատը 200 դրամով ծախում եմ: Օրը 5000-7000 դրամ փող եմ ստանում: Է՜, ի՞նչ ասեմ, մա՞րդ էլ վեց երեխա ունենա, ու ոչ մեկը բանի պիտանի չլինի… Էրեխեքս բոլորը պարտքի մեջ կորած են: Ինձ հետ ապրող աղջիկս հիվանդ է, իսկ մարդն էլ Մալաթիայի շուկայում կաշկա է քշում ու օրվա հացի փող առնում”,-դժգոհելով ասաց տատը:
Նրա մայրը մահացել է, երբ ինքը երեք տարեկան է եղել, իսկ հայրը պատերազմում է զոհվել: “Ծնողներիս մահից հետո Արտաշավան գյուղում իմ հայրական տունը քանդել են: Երկար տարիներ է՝ պայքարում եմ, որ ինձ գյուղում հող տան իմ հայրական տան դիմաց, բայց ապարդյուն, ի՞նչ անեմ”,-արցունքով լի աչքերով պատմեց Եփրատցի Հարությունյանը: Ինչպես վերջինս նշեց, ինքն այդ հարցով դիմել է Արտաշավանի գյուղապետին, սակայն իրեն ասել են, թե 100 դոլար պետք է մուծի, որ թուղթ տան: Թե ինչ թղթի մասին է խոսքը, Եփրատցի տատն այդպես էլ չհիշեց:
Ըստ մեր զրուցակցի` երիտասարդությունն օր օրի փչանում է. “Լավ ջահելներ էլ կան, վատերն էլ կան, բայց մի բան պետք է ասեմ՝ այսօրվա ջահելներն այնքան բաց են հագնվում, ոնց որ տկլոր լինեն: Ջղայնանում եմ, լավ չի, էլի՛, փչանում է մեր ջահելությունը”: 86-ամյա կնոջ խոսքով՝ իր ջահելությունն էլ լավ չի անցել, ամուսինը լավը չի եղել. “Ծեծում էր, խմում ու տենց էլ անխելք մեռավ գնաց: Դժբախտ կյանքս սենց էլ անցավ”:
“Աղջի՛կ ջան, մի երազանք ունեմ. ինձ իմ հայրական տան փոխարեն մի տուն տան, գոնե ծնողներիցս հետո նրանց միակ դստեր երազանքը կատարված լինի”,-հույսով լի հայացքը հառելով հեռուն` ասաց ծաղկավաճառ կինն ու շարունակեց իր գործը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ