«Հրապարակ» օրաթրեթը գրում է. ««Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք է դառնա Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևոորգյանը: Ասել է, որ դա համաձայնեցված է բարձր իշխանության հետ, և պետք է լայն թափով անցնել աշխատանքի, խոստումներ է տվել:
Աբովյանում արդեն սկսել են քարոզչությունը. մարդկանց տներ են այցելում, համոզում, զրուցում: Իսկ կիրակի օրն էլ Աբովյանի իր շտաբում «ժողով» է անցկացրել նաև Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադևոսյանը, որն էլ իր հերթին է վստահեցրել, թե նախագահն իրեն է սատարում: Հավանական թեկնածուներից է համարվում նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ինչպես նաև Ծառուկյանի սանիկ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես փորձում է ստանալ իշխանությունների «դաբրոն»: Մեր տեղեկություններով, նախագահը դեռ որոշում չի կայացրել, առայժմ ոչ մեկին չի ասել, թե Աբովյանում ով է քաղաքապետ դառնալու: Ենթադրվում է, որ այս շաբաթ կայանալիք ՀՀԿ նիստում այդ մասին կհայտարարի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։