Բնական էր Թուրքիայի պահվածքը, անում է այն, ինչ կարող է. Սամվել Նիկոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ` Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջնորդությամբ: Պատարագին ներկա էին Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատարագից հետո Reuters-ը տեղեկացրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հետ է կանչել Թուրքիայի դեսպանին Վատիկանից: Պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է այն փաստով, որ Վատիկանում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագի ժամանակ 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը ՙցեղասպանություն՚ կոչեց:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ` պարզելու համար նրա տեսակետը տեղի ունեցածի շուրջ:

-Պարո’ն Նիկոյան, նախօրեին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ, որը շատերի գնահատմամբ` աննախադեպ էր: Արդյոք այս պատարագով Ձեր ակնկալիքներն այս ուղղությամբ իրականացա՞ն:

-Ինձ թվում է` ավելի քան արդարացվեցին մեր ակնկալիքները, դա աննախադեպ երեւույթ է կրոնական փոխհարաբերությունների մեջ, ու ինձ թվում է` մենք կարողացանք ստանալ առավելագույնը, անգամ ավելին, քան հնարավոր էր: Դա բացառապես պետական մարմինների ու մեր կրոնական ղեկավարների, մասնագետների երկար տարիների կազմակերպած, մտածված, հետեւողական աշխատանքի արդյունք է:

-Եթե Հռոմի պապը պատրաստ էր արտասանել «ցեղասպանություն» բառը, այդ դեպքում ինչո՞ւ նա հրաժարվեց ապրիլի 24-ին այցելել Հայաստան:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել Հռոմի պապը: Բայց ես կարծում եմ, որ այն ամենը, անգամ ավելին, ինչ իր հետ կապված էր, կարող էր անել, նա արել է: Անկեղծ ասած` ես հաճելիորեն զարմացած եւ հիացած եմ նրա խիզախությունից:

-Իսկ ըստ Ձեզ` սա Հայաստանի հաղթանա՞կն էր:

-Ես չեմ ուզում հաղթանակ տերմինը օգտագործել, բայց էլի եմ ասում` սա աննախադեպ է մեր ե’ւ կրոնական, ե’ւ քաղաքական հարաբերությունների ու մեր նորանկախ երկրի պատմության մեջ: Բնական եւ սպասելի էր Թուրքիայի պահվածքը` դեսպանին հետ կանչելու հետ կապված, Թուրքիան անում է այն, ինչ կարող է: Կարեւորն այստեղ այն է, որ ինչ նպատակ դրել էինք մեր առջեւ, կարողացանք հասնել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս