Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման:
Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է նահատակների հիշատակը. հայտնում է Armenpress–ը:
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկուկես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր»,- ասել է դեսպանը: