ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 24-ից կմեկնարկի “Վերադարձ” դասական երաժշտության վեցերորդ փառատոնը: Այն կտեւի ավելի քան մեկ ամիս, որի ընթացքում կլինեն 8 բազմազան համերգներ: Փառատոնի հիմնադիրներից ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԸ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց. “Այս փառատոնն ուղղված է հայ երաժիշտներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել են Հայաստանից, հիմա մենք փորձում ենք համերգներով նրանց ժամանակավորապես վերադարձնել  Երեւան: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն պրեմիերաներ: Ի դեպ, ամեն տարի լինում են նոր մասնակիցներ, նույն երաժիշտը նույն համերգով հանդես չի գալիս: Իսկ այս տարի առաջին անգամ փառատոնը պատրաստվում է հյուրընկալել մեծ կամերային նվագախումբ Իսրայելից` “Իսրայել կամերատտա”, նրանց հետ հանդես կգա նաեւ հայազգի հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը Լիսաբոնիցե: 
-Տիկի՛ն Շահինյան, Ձեր գնահատմամբ` հայ հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատո՞ւմ է դասական արվեստը:
-Դասական երաժշտությունն առաջին մատչելիության երաժշտություն չէ, բայց դասական երաժշտության հիման վրա ստեղծված հասարակությունը, ազգը, շատ ավելի հարուստ է լինում:
Արդեն իսկ խոսքը` դասական, նշանակում է ամուր հիմք ունեցող, պայքարով ընդունված, մեծ ուղի անցած: Մենք ինքներս էլ` փառատոնի հիմնադիրներս, երբ մի քանի տարի առաջ որոշեցինք նման նախաձեռնությամբ հանդես գալ, հստակ գիտակցում էինք, որ բավական բարդ գործ ենք սկսել: Դասական երաժշտության ունկնդիրները ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտներ են, այլեւ բարձր ճաշակ ունեցող երաժշտասերներ: Հուրախություն մեզ՝ ամեն տարի ընդլայնվում է հանդիսատեսի քանակը:
-Ո՞ր տարիքային խումբն է ամենից շատ հաճախում:
-Վերջին շրջանում մեր հանդիսատեսը համալրվել է երիտասարդությամբ, անգամ արտերկրից ժամանած հյուրերն են դա նկատել: Մենք ինքներս էլ սատարում ենք երիտասարդության հաճախելիությանը, հրավիրատոմսերի շատ ճկուն համակարգ ունենք, ու եթե վերջում էլ դահլիճը լեփ-լեցուն է լինում, հնարավորություն ենք տալիս, որպեսզի նաեւ ուսանողությունն ու երիտասարդությունը անվճար ներկա գտնվեն մեր համերգներին:
-Նման փառատոն կազմակերպելու համար անհրաժեշտ են լուրջ գումարներ, որտեղի՞ց եք կարողանում միջոցներ գտնել: 
-Մենք ոչ պետական կազմակերպություն ենք, մշակութային հիմնադրամ, ինքներս ստեղծում ենք մեր գաղափարներն ու ի կատար ածում շնորհիվ հովանավորի:
Կարծում եմ՝ դասական արվեստը պետք է խրախուսվի, ու դա արվի հենց երկրի ներսից, չնստենք ու չհառենք մեր հայացքը դուրս` սպասելով օգնություն սփյուռքից: Երազանքս է, որ ունենանք ոչ թե միայն մեկ օպերային թատրոն, այլ մի քանիսը: Լավ կլիներ, եթե կառուցվեին եւս երկու-երեք համերգասրահներ ու վերազինված լինեին լավ գործիքներով: Ուղղակի ամոթ ենք ապրում, երբ գնում ենք դիմավորելու, օրինակ, մի դաշնակահարի, ու նախքան այդ արդեն մտածում ենք՝ ոնց ներկայացնենք, որ մենք կարգին գործիքներ չունենք: Ճիշտ է, վերջին շրջանում մեկ-երկու գործիք գնեցին, բայց դրանցով հնարավոր չէ ոչ մի լավ բան անել: Ուզում եմ՝ ունենանք լավ գործիքներ, լավ համերգասրահներ, երբեւիցե ոչ մեկի վրա հույս չդնենք, որ դրսից մի սփյուռքահայ բարերար գա ու մեզ օգնի: Իսկ ինչո՞ւ դրսից օգնեն, եթե հնարավոր է դա անել ներսից: Տեսե՛ք՝ ինչքան շենքեր են կառուցվում, սրճարաններ, ռեստորաններ, կարելի է, չէ՞, այդ գումարից մի փոքր մաս ներդնել մի համերգասրահի մեջ, մի գործիք գնել: Ուզում եմ կոչ անել մեր մեծահարուստ օլիգարխներին, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեն արվեստին, երկիրը միշտ էլ ներկայանալի է իր մշակույթով, արվեստով: Ասում են` գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ ես միշտ ասում եմ` մշակույթը կփրկի աշխարհը:
-Երբ երաժիշտները գալիս են Հայաստան, նրանց մոտ միայն աշխատանքայի՞ն գործընթաց  է, թե՞ ապահովում եք նաեւ նրանց ժամանցը, հասցնում եք ցույց տալ գոնե մի քանի տեսարժան վայրեր:
-Առաջին իսկ պահից, երբ սկսվում են մեր բանակցությունները երաժիշտների հետ, գնում է ստեղծագործական պրոցես: Այդ մթնոլորտում ստեղծվում են մարդկային ջերմ շփումներ, իրենց առաջարկվում է ընտրության հնարավորություն, թե ինչ կուզենային տեսնել քաղաքում, քաղաքից դուրս: Լինում են դեպքեր, երբ հյուրերը գալիս են ընդամենը մի քանի օրով, հասցնում են մասնակցել համերգին ու մեկնում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս