ՄԻ ՀԱՏ ՀԱՍԿԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, չնայած  իր անվան հետ կապված բազմաթիվ չարաշահումներին ու սկանդալային դեպքերին, արդեն 5 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը` այդպես էլ  որեւէ անգամ չարժանանալով  երկրի նախագահի հրապարակային պարսավանքին, ինչպես օրինակ` խեղճ Դերոն, որն ընդամենը  չորս ամիս է` ինչ պաշտոնավարում է: Բայց եթե Սերժ Սարգսյանը մինչ օրս իր կնոջ ընկերուհուն չի նախատել` դիմելով Հասո,  վերջինս իր ենթականերին եւ լրագրողներին «դու»-ով դիմելու մշակույթը սերտել է: Երեկ, պատասխանելով  իր բարձրաստիճան ընկերուհու` Ռիտա Սարգսյանի հետ ռուսերենով շփվելու մասին «Առավոտ»-ի թղթակցի հարցին,  նախարարն ասել է. «Հետո՞, հարցիդ բնույթն ի՞նչ ա, ինչի՞ եմ ես ռուսերեն բառ օգտագործել, լավ եմ արել»: Ինչ խոսք, տիկին Պողոսյանն իրավունք ունի խոսել որ լեզվով ցանկանում է եւ, ի վերջո, կարողանում է, սակայն որքան տեղյակ ենք` ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ մշակույթի նախարարն էլ տոնավաճառում հագուստ վաճառող  առեւտրական չէ: Չնայած մեր իրականությունը հաշվի առնելով` դժվար է պնդել  թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ինչ վերաբերում է կոնկրետ Պողոսյանի` հայերենով խոսելուն, ապա թերեւս ավելի լավ կլինի, որ սույն տիկինն արտահայտվի մեկ այլ լեզվով եւ իհարկե` այլ կարգավիճակով:  Ի վերջո, հայերենը նուրբ լեզու է, որի չիմացությունն անմիջապես աչքի է զարնում` առավել եւս Հայաստանի մշակույթի կին նախարարի շուրթերից:  Սակայն  Պողոսյանը նաեւ շատ «համեստ» անձնավորություն է եւ ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ կարեւոր է մշակույթի նախարարի խոսելաձեւը. «Չէ՛, ես մի հատ ուզում եմ հասկանամ` դա ինչ-որ շատ ինչ-որ հույժ կարեւոր նշանակությո՞ւն է մեր երկրի համար այդ հանգամանքը»: Եթե ինչ-որ մեկը չհասկացավ, թե ինչ է ուզում հասկանալ Հասմիկ Պողոսյանը` խնդրեմ. «Ես կարծում եմ, շատ երազում եմ, որ հասարակության ուշադրությունը ավելի սեւեռված լինի ավելի կարեւորագույն խնդիրների»:  Իսկ  որպես այդպիսին` Պողոսյանը ներկայացնում է. «Օրինակ՝ ես կուզենայի՝ այսօր մեկնումեկը ինձ ասեր` տիկի՛ն նախարար, գրքեր եք տպագրել, օրինակ՝ այս գրքի բովանդակությունը արդյոք… Մեկը գիրքը կարդացած լիներ ու ասեր, որ ճիշտ բովանդակություն չի, ինչ-որ մի բանը սխալ է տպագրված»: Փաստորեն, ՀՀ մշակույթի նախարարը հրապարակավ ընդունում է, որ իրենց տպագրած գրքերը որեւէ մեկին չեն հետաքրքրում: «Եկե՛ք կարդանք: Գնանք ներկայացում նայենք»,-կոչ է անում նախարարը, որն ըստ ամենայնի, ներկայացումները ոչ թե դիտում է, այլ հենց նայում: «Ա՛յ դա օգտակար կլիներ ոչ միայն  մշակույթի նախարարի համար, այլ նաեւ ոլորտի»,-խոստովանում է Պողոսյանը:  Լիովին միանում ենք նրա կոչին` առաջարկելով գնալ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն` ֆոնոգրամայի տակ բալետ «նայելու»: Մեր ընթերցողներից եւ ՀՀ լեզվի պետական տեսչությունից էլ ներողամտություն ենք հայցում` նախարարի խոսքի մեջբերման արդյունքում մեկ հոդվածում այդքան շատ քերականական սխալներ թույլ տալու համար:




Լրահոս