«Որեւէ քաղաքական ուժ, այդ թվում` իշխող մեծամասնությունը, երբեւէ չի ասել, թե շահագրգռված չէ մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ: Այդ իսկ պատճառով էլ իշխող մեծամասնության համար շատ դժվար կլինի այդ նախաձեռնությանը դեմ արտահայտվել»,-երեկվա ասուլիսում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ԱԺ ներկայացնել 2008թ. մարտի 1-ի սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ:
Ըստ Ջհանգիրյանի՝ մարտի 1-ի 10 սպանությունների, հարյուրավոր անձանց հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքներն ուսումնասիրելուց բացի, իրենց հանձնաժողովը մտադիր է անդրադառնալ նաեւ այդ դեպքերով ոստիկանության, հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների օրինականությանն ու հիմնավորվածությանը: «Ես ոչ թե կասկածում եմ, այլ համոզված եմ, որ նրանց գործողությունները մինչեւ հիմա միտված են եղել հանցագործությունների չբացահայտմանը»,-ասաց նա: Ջհանգիրյանի խոսքով՝ հենց դրանով էլ իրենց առաջարկելիք հանձնաժողովը տարբերվում է նախորդ գումարման ԱԺ-ում եղած ժամանակավոր հանձնաժողովից: «Եթե մեր նախաձեռնությանը միացողները քիչ լինեն կամ չլինեն, ինչը ես բացառում եմ, ապա դա կլինի իրենց գնահատականը: Ժողովուրդը կտեսնի՝ որ ուժերն են դեմ»,-նշեց Ջհանգիրյանը: Նրա կարծիքով՝ անհնար է հազարավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցած 10 սպանությունները չբացահայտելը: Ջհանգիրյանը կարծում է, որ առանց այս հանձնաժողովի ստեղծման էլ մարտի 1-ի 10 սպանություններից 3-4-ը հնարավոր է բացահայտել մեկ օրում: Սակայն ՀԱԿ-ը ներկայացված չէ գործադիր իշխանությունում, ուստի իր լծակն ԱԺ-ում նման հանձնաժողով ստեղծելն է:
«Եթե ոչ քաղաքացիական անձանց, ապա ոստիկանության ու ԶՈՒ աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցրածներին բացահայտե՛ք»,-ասաց նա: Նախկին զինդատախազը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ դեպքերից տուժած քաղաքացիներն առ այսօր որեւէ փոխհատուցում չեն ստացել. «Մարտի 1-ից հետո դրամական փոխհատուցում են ստացել իբր թալանված, ջարդուփշուր արված խանութների սեփականատերերը, իբր ընդդիմության կողմից հրկիզված մեքենաների սեփականատերերը, բայց մարմնական վնասվածք ստացած անձինք, վիրավորներն առ այսօր չեն ստացել որեւէ փոխհատուցում»:
Մի խոսքով, եթե ԱԺ-ում ընդունվի նախագիծը, ապա Ջհանգիրյանը հանձնաժողովում գործի կդնի իրավաբանի ու դատախազի իր փորձառությունը՝ ձգտելով բացահայտել կատարվածը:
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ «ԴԱՏԱԽԱԶ ԿԱՇԽԱՏԻ» ԱԺ-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ