Քիմ Քարդաշյանը ամուսնու, դստեր եւ քրոջ հետ ապրիլի 11-ին այցելեց Գյումրի: Այդ ընթացքում Քարդաշյանը մեկնեց Գյումրու Մյասնիկյան 143 հասցեի այն տունը, որը, ինչպես պարզվել է ազգային արխիվից, եղել է Քարդաշյանների պապական տունը: Սակայն այդ այցի մասին պատմող լուսանկարներում և տեսահոլովակներում ամենաառաջնային պլան էին գալիս նշված հասցեի տան ժանգոտած դարպասները:
Իհարկե, ամենևին էլ բացառված չէ, որ նշված տանն ապրող ընտանիքը սոցիալապես անապահով է և չի կարող 5 կամ 10 հազար դրամ ծախսել՝ դարպասը ներկելու համար: Բայց Գյումրու քաղաքապետարանը դժվար թե չունենար: Ինչո՞ւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խայտառակեց մեզ, և ողջ աշխարհի լրատվամիջոցներում հրապարակվեց ժանգոտ դարպասի նկարը, չէ՞ որ նախապես հայտնի էր, որ Քիմը Գյումրի է գնալու ու հենց այդ տուն:
«Մենք ծրագիրը կազմողը չենք եղել: Նույիսկ չենք գիտեցել որ գնալու են կոնկրետ այդ տուն, որովհետեւ Քարդաշյանները մեկ բակի մեջ են բնակվում, բայց իրենք գնացել են այդ տունը»,- «Ժողովուրդ»-ին ահա այսպիսի սուտ պատմեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Բանն այն է, որ Գյումրու այցից դեռ երկու օր առաջ գրվեց, որ Քարդաշյաններն հենց այդ տուն են գնալու: Ու եթե այդ մասին Բալասանյանը չի իմացել, ապա իրավիճակն ավելի տխուր է. ստացվում է, որ նա իր ղեկավարած քաղաքից անտեղյակ պաշտոնյա է ու առանց ամաչելու պետությունից գումար է ստանում իր «աշխատանքի» համար: