ՎԱՃԱՌՈՒՄ Է
Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել «Արմավիան»-ն: Ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է. «Տարբեր ցանկացողներ կան: Կան նաեւ հայեր, որ չեն բնակվում Հայաստանում: Կան նաեւ ուրիշ երկրներից, կան իտալացիները… Բանակցությունները գնում են, դեռ վերջնական ոչ մի եզրակացության չեն եկել»: Ըստ խոսնակի՝ ընկերությունը վաճառվում է, որովհետեւ վերջին երեք տարիներին վնասով է աշխատում:
ԱՂՈԹԱԾԸ
Երեկ ԱԺ-ում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կորցրել է ինքնատիրապետումը եւ Henaran.am-ի լրագրողի ձեռքից խլել ձայնագրիչը: Պատճառը լրագրողի այն հարցն է եղել, թե ոլորտում դրական զարգացումներն իր արդյունավետ աշխատանքի, թե Աստծո բարեհաճության շնորհիվ են արձանագրվել: Aravot.am-ի տեղեկացմամբ` նախարարը, բարկությունից ցնցվելով, ասել է. «Քե՜զ պիտի աղոթեն, քե՜զ, մի քիչ դարձի գաս, հայ քրիստոնյա դառնաս»:
ՀՐԿԻԶՈ՞ՒՄ ՉԷ
«ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքը բռնկվել է ծխատարի հատվածում, որտեղ հակահրդեհային համակարգ չի եղել: Եթե շենքում լիներ հրդեհը, ավտոմատիկան կգործեր»,-«Ա1+»-ին ասել է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։ Սակայն պաշտոնապես հրդեհի պատճառը դեռ չի հրապարակվում։
Իսկ ՀՀԿ գրասենյակի տանիքում 4 ամսվա ընթացքում բռնկված երկրորդ հրդեհի հետ կապված էլ Հայրապետյանն ասել է. «Այդ տանիքում հիմա լրիվ քանդված վիճակ է, եւ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Եռակցման աշխատանքների հետեւանքով է եղել»։
ԾԱՂԻԿՆԵՐ` ՇԻՐԻՄԻՆ
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի 34-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» պանթեոն են այցելել բազմաթիվ համալսարանականներ ու դպրոցականներ: Նրանք ծաղիկներ են դրել հայ սպայի շիրիմին եւ լռությամբ հարգել նրա հիշատակը:
ՎՃԻՌԸ` ԱՅՍՕՐ
Փողերի լվացման հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ հարուցած քրգործը վերացնելու մասին նույն հիմնադրամի վերաքննիչ բողոքի մասով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած երեկվա նիստը նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարել է, որ հիմնադրամի հայցի մասով վճիռը կկայացվի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:45-ին:
Ո՞ՒՐ ԿԳՆԱ
Գալիք տարվա փետրվարին ավարտվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Օրենքով նա այդ պաշտոնում այլեւս առաջադրվելու իրավունք չունի:
ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խուզարկել են Վանաձորի ավագանու անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանի բնակարանը: Նրան կասկածում են Վանաձորի ավագանու մեկ այլ` նորընտիր անդամ Վահե Դոխոյանի բնակարանից հունիսին կատարված գողության մեջ:
«Ինձ միայն ասել են, որ սեպտեմբերի 13-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, ու ես դարձել եմ գողության մեջ կասկածվող, փաստորեն, գողությունը եղել է հունիսին, բայց օպերատիվ տվյալները ստացել են սեպտեմբերին: Ստացվում է, որ ընտրություններից հետո շնորհավորանքի փոխարեն խուզարկում են, ինչը ավելի քան զարմանալի է»,-news.am-ին ասել է Այվազյանը:
ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ` Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետեւ` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա` 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: