Ծարավ աղբյուրի փողոցում կկառուցվի մարզակրթական համալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ապրիլի 14-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նշվել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ:

Անցնելով օրակարգի հարցերին, ավագանին քննարկել և հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Ուսումնական-սպորտային համալիրի» կառուցման ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել մարզակրթական համալիր: Համաձայն ծրագրի համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաև փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաև բարեկարգ հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։

Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը և շինությունները ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։




Լրահոս